Նախագահ Բուշն ու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ֆրանսիական Էվիան քաղաքում կայացող ութնյակի խմբի վեհաժողովի ընդմիջումներին հարթել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքում պատերազմ սկսելու վերաբերյալ երկու երկրների միջեւ ծագած տարաձայնությունները։ Իրաքյան պատերազմից ի վեր առաջին առերես բանակցություններից առաջ ունեցած ելույթում պարոն Բուշն ասել է, թե իրաքյան ռազմական գործողությանը Ֆրանսիայի ղեկավարի ընդդիմությունը հայտնի էր ի սկզբանե։ Նա ասել է, ՚Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, սակայն դա չի նշանակում, թե մենք տարաձայն երկրներ ենք՚՚։ Ամերիկացի պաշտոնատարներն ավելի ուշ ասել են, որ երկու ղեկավարներն ընդհանուր հող են գտել։ Նրանք նշել են, որ նախագահ Բուշը Ֆրանսիայի ղեկավարին ասել է, թե Իրաքի կացությունը դժվարին է, սակայն առաջ ընթանալու ժամանակն է։ Ութնյակի խմբի այսօրվա գլխավոր հանդիպումն սկսվելուց առաջ պարոն Բուշին, նախագահ Շիրակին եւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերին միասին տեսել են ժպտալիս։ Գերմանիայի ղեկավարը նույնպես խստորեն ընդդմացել էր Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքում պատերազմ սկսելուն։ Աշխարհի արդյունաբերապես զարգացած յոթ խոշորագույն երկրների եւ Ռուսաստանի դաշնության ղեկավարներն իրենց բանակցությունների երկրորդ օրը կենտրոնացան համաշխարհային տնտեսության, ահաբեկչության, միջուկային զենքի չտարածման եւ տարածաշրջանային հակամարտությունների վրա։ Էվիան քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել գլոբալիզացիայի դեմ պայքարող բողոքարարներին վեհաժողովի հանդիպման վայրից հեռու պահելու համար, սակայն, այդուհանդերձ, հազարավոր ցուցարարներ երեկ քայլարշավով անցել են մոտակայքում գտնվող շվեյցարական քաղաքներ Ժնեւ ու Լոզան քաղաքների փողոցներով։ Բողոքարարներից ոմանք հրկիզառումբեր են նետել եւ փակել են ճանապարհները։ [AFP, REUTERS, AP, VOA-CR]