Սաուդյան Արաբիայից ստացված հաղորդագրությունները տեղեկացնում են, որ իշխանությունները ձերբակալել են առնվազն հինգ կասկածյալների, այն անձնասպան ռմբահարումների առնչությամբ, որոնք այս ամսվա սկզբներին ցնցեցին մայրաքաղաք Ռիյադը։ Սաուդյան թերթերը տեղեկացնում են, որ ձերբակալությունները կատարվել են երեկ, մահմեդականների Սուրբ քաղաք Մեդինայում։ Հաղորդագրություններում նշված է, որ առնվազն երեք կասկածյալներ ձերբակալվել են ԻՆՏԵՐՆԵՏ կոչվող սրճարանում։ Նրանցից մեկի անունը Ալի Ադուլռահման ալ-Քամդի է, երեսունչորս մարդ, այդ թվում ութ ամերիկացիների կյանք խլած մայիսի տասներկուսի անձնասպան ռմբահարման կազմակերպիչը։ Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը վկայակոչում է ներքին գործոց նախարար, իշխան Նայեֆ բին Աբդուլ Ազիզին, որն ասում է, թե անվտանգության զինյալ ուժերը երեկ Մեդինա քաղաքում կալանել են որոշ անձանց, իսկ մի քանիսին՝ մի քանի օր առաջ։ Իշխան Նայեֆն ասել է, թե հավելյալ մանրամասնություններ հաղորդելուց առաջ պաշտոնատարները ցանկանում են լրումին հասցնել իրենց հետաքննությունը։ Ամերիկացի եւ սաուդացի պաշտոնատարները ալ-Քաիդայի ահաբեկչական ցանցին են մեղադրել Ռիյադում կատարված ռմբահարումների մեջ, որոնք ամայացրել են մեծամասամբ արտասահմանցիներով բնակելի բնակարանային երեք համալիրները։ Սաուդյան պաշտոնատարները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել համայն երկրում, նպատակ ունենալով կանխել նոր հարձակումները։ Սաուդյան Արաբիայում պաշտոնավարող Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերթ Ջորդանն ասում է, թե Վաշինգտոնն այն մտավախությունն ունի, որ այդ ռմբահարումները սոսկ մեկ անգամ կատարվեիք գործողություններ չէին։ Պարոն Ջորդանը նաեւ ասում է, որ հետաքննությանն օգնելու նպատակով ներկայումս Ռիյադում գտնվող Հետաքննության ֆեդերալ բյուրոյի վաթսուն մասնագետներից բաղկացած խումբն, ամենայն հավանականությամբ, հայրենիք կվերադառնա շաբաթվերջին, իսկ նրան կփոխարինի ավելի փոքրաթիվ մի խումբ։ Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգների հետաքննիչների հետ Սաուդյան Արաբիայի համագործակցությունը եղել է ՚հրաշալի՚։ [AP, AFP, REUTERS]