Մատչելի հղումներ

ԻՐԱՔՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ - 2003-05-24


Հետպատերազմյան Իրաքի նավթարդյունաբերության գործող նախարարն ասում է, թե ակնկալում է, որ երկու-երեք շաբաթից կվերսկսվի նավթի արտահանումը։ Այսօր Բաղդադում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նավթարդյունահանման բնագավառի ղեկավար Թամեր ալ-Քադբանը կանխագուշակել է, որ Իրաքը կկրկնապատկի իր չզտած նավթի արդյունահանումը, մեկ ամիս անց այն հասցնելով օրական մեկ ամբողջ երեք տասնորդականից մինչեւ մեկ ամբողջ հինգ տասնորդական միլիոն տակառի։ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք նավթի նախկին արդյունահանումը կազմել է օրական մոտավորապես երեք միլիոն տակառ։ Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրաքի վրա հաստատված տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո, առաջին անգամ հնարավորություն կընձեռվի, որպեսզի իրաքյան նավթը վաճառվի արտասահմանում։ Միաժամանակ, Սադամ Հուսեյնի տապալումից ի վեր, Իրաքում գտնվող Միացյալ Նահանգների գլխավորած քաղաքացիական վարչությունն առաջին անգամ սկսել է վճարել մեկ միլիոն չորս հարյուր հազար պետական աշխատողների աշխատավարձերը։ Էլեկտրաէներգիայի բնագավառի հազարավոր աշխատողներ այսօր Բաղդադում առաջինը ստացան իրենց աշխատավարձերը։ Հյուսիսային Իրաքում գտնվող Քիրքուք քաղաքում այսօր ընտրվել է քաղաքային ժամանակավոր խորհուրդ, որը պատերազմի ավարտից հետո քաղաքային խորհուրդ ունեցող երկրորդ քաղաքն է։ Քիրքուքի չորս գլխավոր ազգային խմբերի՝ քրդերի, արաբների, թյուրքերի եւ ասորիների երեք հարյուր ներկայացուցիչներ հանդիպում են կայացնում, յուրաքանչյուր խմբից ընտրելու համար վեցական անդամների։ Միացյալ Նահանգների զինվորականությունը խորհրդի վեց նոր անդամներ է նշանակելու քաղաքի գործարար համայնքից։ Երեկ Իրաքում գտնվող Միացյալ Նահանգների գլխավորած քաղաքացիական վարչությունը լուծարեց երկրի զինվորական, պաշտպանական, քարոզչական եւ անվտանգության գործակալությունները եւ ազատ արձակեց բոլոր զինվորներին ու պետական աշխատողներին։ Սույն հրամանով մեկընդմիշտ վերացվեցին ժամանակին Սադամ Հուսեյնի վարչակարգի առանցքը համարված ռազմական եւ անվտանգության կազմակերպությունները։ [AP, REUTERS, AFP]

XS
SM
MD
LG