Մատչելի հղումներ

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՄԱՐՈԿԿՈՅՈՒՄ - 2003-05-17


Ռմբահարողներն առնվազն քառասուն մարդ են սպանել Մարոկկոյում, որն այս շաբաթ արաբական երկրների դեմ կատարված երկրորդ խոշոր ահաբեկչական հարձակումն է։ Գրեթե միաժամանակ կատարված հինգ ռմբահարումներ երեկ ցնցել են Մարոկկոյի առափնյա քաղաք Կասաբլանկան, վնաս հասցնելով հրեական համայնքային մի կենտրոնի, բելգիական հյուպատոսարանին եւ իսպանական մի ռեստորանի։ Առնվազն վաթսուն մարդ է վիրավորվել այդ հարձակումների ընթացքում։ Մարոկկոյի պաշտոնատարներն ասում են, թե զոհերը մեծամասամբ մարոկկոյացիներ են, եւ որ նրանցից շատերը մահացել են ռեստորանում։ Իսպանական ռադիոն տեղեկացնում է, թե սպանվածներից մեկն իսպանացի է։ Ոչ ոք հանձն չի առել այդ ռմբահարումների պատասխանատվությունը։ Սակայն Մարոկկոյի ներքին գործոց նախարար Մուստաֆա Շահելը ռմբահարումներն առնչում է միջազգային ահաբեկչության հետ։ Պարոն Շահելը նաեւ ասել է, թե սպանվածների թվում են տասը անձնասպան ռմբահարողները։ Սույն հարձակումների առնչությամբ կալանվել են երեք անձինք։ Այս ռմբահարումները կատարվեցին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադի մեծամասամբ արտասահմանցիների համար նախատեսված բնակելի երեք համալիրներում կատարված ռմբահարումներից մի քանի օր անց, ուր սպանվեց երեսունչորս մարդ։ Կասաբլանկայում կատարված ռմբահարումներից մի քանի ժամ առաջ ամերիկյան եւ բրիտանական հետախուզական գործակալությունների պաշտոնատարները նախազգուշացրեցին, որ ալ-Քաիդայի ահաբեկչական ցանցը թերեւս շուտով կձեռնարկի նոր հարձակումներ։ Պաշտոնատարներն ասել են, թե կասկածյալ ահաբեկիչների շրջանում կատարված հեռախոսային գաղտնալսումները հանգեցրել են այն եզրակացության, որ հավանական հարձակումներ են ակնկալվում Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Աֆրիկայում եւ Ասիայում։ {AP, REUTERS, AFP, FBIS}

XS
SM
MD
LG