Մատչելի հղումներ

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՒԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ - 2003-05-05


Մերձավոր Արեւելքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակ Ուիլյամ Բըրնսը հանդիպել է պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի հետ, քննարկելով, Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ անցյալ շաբաթ հրապարակված, այսպես կոչված, ՚խաղաղության ուղեցույցը՚։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում։ Պարոն Բըրնսը չի հանդիպել պաղեստինյան նախագահ Յասիր Արաֆաթի հետ, որից ամերիկացի պաշտոնատարները խուսափում են անցյալ հունիս ամսից ի վեր։ Երեկ ամերիկացի հատուկ պատվիրակը խաղաղության ծրագիրը քննարկել է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի եւ այլ պաշտոնատարների հետ։ Միացյալ Նահանգների արտգործնախարարի օգնական պարոն Բըրնսը իսրայելացիներին ասել է, թե ուղեցույցի ընդունումը երկու կողմերից կպահանջի գործողություն, այդ թվում ահաբեկչության դեմ պաղեստինյան նորոգված ջանքեր։ Ամերիկացի պատվիրակը նաեւ Իսրայելին հորդորել է՝ մեղմել պաղեստինյան տարածքների անակնկալ շրջափակումը։ Պարոն Բըրնսի բանակցությունները հիմք են ստեղծում այս շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների արտգործնախարար Քոլին Փաուելի այցելության համար։ Դիվանագիտական գործունեությունը ծավալվել է չորեքշաբթի օրը խաղաղության միջազգային ուղեցույցի հրապարակումից ի վեր, ուր շեշտված են այն քայլերը, որոնք պետք է կատարեն թե՛ Իսրայելը եւ թե՛ պաղեստինցիները, լուծելու համար իրենց միջեւ առկա երկարատեւ առճակատումը։ Ծրագրում կոչ է արված պաղեստինյան անկախ պետություն ստեղծել մինչեւ երկու հազար հինգ թվականը։ Պարոն Աբասը նաեւ երեկ ասել է, թե ինքը ցանկանում է, որ ծրագիրն իրագործվի առանց որեւէ փոփոխության, սակայն Իսրայելի ղեկավարներն ասում են, որ ունեն մի շարք վերապահումներ։ Պարոն Աբասը նաեւ երեկ ասել է, թե ինքը ցանկանում է հանդիպել վարչապետ Շարոնի հետ։ Իսրայելյան զանգվածային լրատվամիջոցների համաձայն, այդօրինակ հանդիպումն ակնկալվում է արտգործնախարար Փաուելի այցից հետո։ [Reuters, Haaretz, Dunn, Jpost, PREV]

XS
SM
MD
LG