Մատչելի հղումներ

Ադրբեջանի պատգամավորը կոչ է անում Իրանին հրաժարվել Հայաստանի հետ բարեկամությունից


<!-- IMAGE -->

Ադրբեջանի կառավարող կուսակցության ավագ անդամներից մեկը դատապարտել է Իրանին՝ ՝՝թշնամի Հայաստանին՛՛ աջակցելու համար։ Նրա խոսքերով, Հայաստանն այն երկիրն է, որի տարածքը ԱՄՆ-ը փորձում է օգտագործել Իրանին ոչնչացնելու նպատակով հարձակում սկսելու համար։

Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Էլդար Իբրահիմովն ասել է, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ը փորձում էր Իրանի դեմ հարձակում սկսելու համար ստանալ Ադրբեջանի տարածքն օգտագործելու իրավունք։

՝՝Իհարկե ես չունեմ ձեր ներքին գործերին միջամտելու իրավունք։ Բացի այդ, դուք ունեք լավ հարաբերություններ Հայաստանի հետ, ինչը ձեր որոշելու խնդիրն է։ Սակայն պիտի իմանաք, որ մեկ եւ կես տարի առաջ ԱՄՆ-ի նախագահը մեծ ճնշում էր բանեցնում Ադրբեջանի վրա, որ այն թույլ տար Իրանը ռմբակոծելու համար օգտագործել օդային իր տարածքը։ Իսկ մեր հարգարժան նախագահը դրան չհամաձայնվեց՛՛, ասել է Իբրահիմովը, ինչի տեսագրությունը ցուցադրվել է ադրբեջանական ANS հեռուստակայանով։

Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Քազեմ Մուսավին, ի պատասխան ասել է, թե Իրանի համար կարեւոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ավելացրել, թե իր երկիրը ցանկանում է, որ Հայաստանի հետ Ադրբեջանի խնդիրները լուծվեն խաղաղ եղանակով։

XS
SM
MD
LG