Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, լրագրողներ, հասարակական գործիչներ և անհատ քաղաքացիներ հանդես են եկել ի պաշտպանություն ապրիլի 7-ին Տիրասպոլում ձերբակալված հայազգի լրագրող-քաղաքագետ Էռնեստ Վարդանյանի: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Մերձդնեստրյան Մոլդովական հանրապետության նախագահ՝
Պարոն Ի. Սմիրնովին
Բաց նամակ
Ապրիլի 7-ին Մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում ձերբակալված Էռնեստ Վարդանյանի գործին ուշադրությամբ հետևում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, հայաստանյան լրագրողները, իրավապաշտպան կազմակերպություններն և անհատ քաղաքացիները, ովքեր անհանգստացած են իրենց հայրենակցի ճակատագրով:
Գործի առնչությամբ տարածված հաղորդագրություններն ու տեղեկատվությունը վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների և անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի ու ավելի հաճախ դառնում են զանազան հետապնդումների և բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտնվել է առավել անելանելի վիճակում, ենթարկվելով հետապնդումների այնպիսի կառույցների կողմից, որոնք«մեղադրյալին» հնարավորություն չեն տալիս նույնիսկ ընտրելու սեփական պաշտպանին՝ մի երևույթ, որը հակասում է մարդու իրավունքների ամենատարրական նորմերին: Սա առիթ է տալիս կասկածելու, որ Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացրած գործողությունները նաև ազգատյատության դրսևորումներից են:
Ուստի ներքոստորագրյալներս Մերձդնեստրյան իշխանություններից պահանջում ենք.
1. Էռնեստ Վարդանյանին անհապաղ տրամադրել պաշտպան՝ իր ընտրությամբ:
2. Պաշտոնապես հրապարակել մեղադրանքի էությունն ու հիմնավորումը:
3. Հնարավորություն տալ իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, ընտանիքի անդամներին տեսակցելու Էռնեստ Վարդանյանին:
4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էռնեստ Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հայր է (վեց ամյա որդու և ինն ամսական դստեր)՝ փոխել խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Բորիս Նավասարդյան, Երևանի մամլո ակումբի նախագահ
Վարդան Հարությունյան, Ընդդեմ քաղաքական հալածանքների
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գայանե Շագոյան, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Գագիկ Շամշյան, լրագրող, «Չորրորդ Ինքնիշխանություն»
Լալա Տեր-Ղազարյան, լրագրող (Panorama.am)
Կարմեն Մարտիրոսյան, լրագրող
Ամալյա Հովհաննիսյան, լրագրող
Զանի Հարոյան, լրագրող, «Երկիր» օրաթերթ
Փարանձեմ Հովհաննիսյան, լրագրող, www.aysor.am
Սոնա Այվազյան, քաղաքացի
Լևոն Աբրահամյան, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Հնագիտության և ազգագրության Ինստիտուտ
Լալա Ասլիկյան, քաղաքացի