Երկուշաբթի օրը Ղրղզստանի պաշտոնանկ արված ղեկավարն առաջին անգամ հրապարակավ խոսել է: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կուրմանբեկ Բակիևը լքել էր մայրաքաղաք Բիքկեկը, այստեղ սկիզբ առած բռնություններից հետո:
Թեյիթ քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում, Բակիևը իշխանության եկած նոր ղեկավարներին որակել է որպես “հրոսակախումբ”: Կուրմանբեկ Բակիևը հայտարարել է նաև, որ ինքը շարունակում է մնալ Ղրղզստանի օրինական նախագահը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգները խրախուսում է ժողովրդավարական գործընթացները Ղրղզստանում և չի աջակցում վտարված նախագահին: Ղրղզստանում ԱՄՆ-ի դեսպանն արդեն իսկ հանդիպել է ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաևայի հետ:
Ժամանակավոր կառավարության մեկ այլ առաջնորդ` Ալմազ Աթամբաևի խոսքերով, այս պահին քննարկվում են երկրի պաշտոնանկ արված նախագահին ձերբակալելու մանրամասները:
Ի դեպ, Ռոզա Օթունբաևան հայտարարել է նաև, որ երկրի բանակն աջակցում է ժամանակավոր կառավարությանը: