Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, թե Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին հինգշաբթի օրը կմեկնի Չինաստան, մինչ Իրանի դեմ ուղղված միջազգային ճնշումները գնալով ուժեղանում են։
Պեկինում կայանալիք հանդիպումներում կքննարկվի Թեհրանի միջուկային գործունեությունը։
Չինաստանը մեկն է ՄԱԿ-ի այն հինգ անդամներից, ովքեր Անվտանգության Խորհրդի որոշումները վետոյի ենթարկելու իրավասություն ունեն։ Չինաստանը ընդդիմացել է Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ հաստատելու առաջարկին եւ փոխարենը դիվանագիտական ջանքերի կոչ է անում։
Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ակնկալում է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները կհաստատվեն մի քանի շաբաթից։
Միաժամանակ, Մեծ Ութնյակի արտգործնախարարները հաստատել են Իրանի դեմ ուղղված ՛՛համապատասխան եւ խիստ քայլերի՝՝ անհրաժեշտությունը։
Չորեքշաբթի օրը ամերիկյան հեռուստացանցերից մեկը հաղորդել է, թե Իրանի միջուկային հարցերով գիտնական Շահրամ Ամիրին Միացյալ Նահանգներ է փախել եւ աջակցում է ԱՄՆ-ի Գաղտնի հետախուզության գործակալությանը։
Էյ Բի Սի կայանը, վկայակոչելով անհայտ աղբյուրների, հայտնել է, թե Շահրամ Ամիրին անհետացել է 2009 թվականին, ԱՄՆ-ում վերաբնակվելու գաղտնի մի գործողության միջոցով։