Մատչելի հղումներ

Իրանի հետ՝ բանակցություններ, Իրանի նկատմամբ՝ պատժամիջոցներ


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կոչ է անում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սկսելուց զատ, այս երկրի հետ անցկացնել նաեւ բանակցություններ՝ խափանելու համար այստեղ միջուկային զենքեր արտադրելու ծրագրերը։ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում հանդես գալով՝ Բերլուսկոնին ասել է, թե աշխարհը չի կարող թույլ տալ, որ Իրանը դառնա միջուկային զենք կրող պետություն, քանի որ Թեհրանի ղեկավարությունը, նրա խոսքերով, շարունակ հանդես է գալիս ՝՝Իսրայելը ոչնչացնելու մասին հայտարարություններով, հերքում է հրեկան ողջակիզումը եւ հարցականի տակ դնում հրեական պետության գոյության օրինականությունը՛՛։

Իսրայել կատարած իր եռօրյա այցի ընթացքում Իտալիայի վարչապետը հաճախ է հանդես գալիս Թեհրանին քննադատող հայտարարություններով՝ նշելով, թե անցած երեք տարիների ընթացքում իր երկիրը կրճատել է Իրանի հետ գործարար կապերը։

Բերլուսկոնին նաեւ դատապարտում է ՄԱԿ-ի կողմից հրապարակված այն զեկույցը, ըստ որի մեկ տարի առաջ Գազայի գոտում իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ Իսրայելն թույլ է տվել պատերազմական հանցագործություններ։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է հարստացման նպատակով արտասահման ուղարկել միջուկային կայաններում կիրառվող ուրանը։ Հանդես գալով երկրի հեռուստատեսությամբ՝ նա ասել է, թե ցածր մակարդակի հարստացված ուրանն այլ երկրներում հարստացնելու հարցում ինքը չի տեսնում որեւէ խնդիր։
Ահմադինեջադի այս հայտարարությունը նախորդում է միջազգային այն հավաքին, որի ընթացքում քննարկվելու է Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը։
Ահմադինեջադի հայտարարությունն արժանացել է մի շարք երկրների ղեկավարների գովեստին։ Նրա հայտարարությունը ողջունել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

XS
SM
MD
LG