Իրանը հերքել է Պարսից Ծոցի 4 երկրներում ամերիկյան հակահրթիռային համակարգերի հետագա տեղակայման մասին լուրերը:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, ով նշել է թե ծրագիրն անիրականանալի է:
Մինչ այս` կիրակի օրը, ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել էին, թե ամերիկյան բանակն արդեն մի քանի ամիս է ինչ “Patriot” տեսակի հակահրթիռային համակարգեր է տեղադրում Ծոցի երկրներում, մասնավորապես Բահրեյնում, Քուվեյթում, Քաթարում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
Այս քայլը, շատերի համոզմամբ, նպատակ ունի կանխել Իրանի հնարավոր հարձակումները տարածաշրջանում տեղակայված Միացյալ Նահանգների և իր դաշնակից երկրների դեմ զորամիավորումների:
Սա նաև դիտարկվում է որպես Իրանի դեմ Օբամայի վարչակազմի կողմից ճնշման ձև: