Նախագահ Օբամայի վարչակազմի կողմից 2011 թվականի համար Կոնգրեսին ներկայացված բյուջեի առաջարկով 1.28 միլիարդ դոլար է հատկացվում Հազարամյակի մարտահրավեր ընկերությանը։
՛՛Նախագահի ներկայացրած բյուջեն Հազարամյակի մարտահրավեր ընկերությանը հնարավորություն կընձեռի օգնել աշխարհի աղքատ երկրներին վերացնելու չքավորությունն ու խթանելու տնտեսական աճը՝՝, ասել է ընկերության գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը։ ՛՛Հազարամյակի մարտահրավեր ընկերության օգնությունը կենտրոնանում է նորարարությունների, համագործակցության եւ գրանցվող արդյունքների վրա՝ հետապնդելով հնարավորություններ ստեղծելու եւ համագործակցող երկրների կարողությունները զարգացնելու նպատակ՝՝, ասել է նա։
՛՛Ես պատրաստ եմ համագործակցել Կոնգրեսի հետ եւ ներկայացնել Հազարամյակի մարտահրավեր ընկերության ծրագրերի ընդհանուր բովանդակությունը՝՝, ասել պրն. Յոհանեսը։
Հազարամյակի մարտահրավեր ընկերությունը պայքարում է աղքատության դեմ, ֆինանսական օգնություն առաջարկելով այն երկրներին, որոնք ուժի մեջ են դնում արդյունավետ օրենքներ՝ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ոլորտների բարելավման նպատակով։ Ընկերության հետ համագործակցող երկրները այժմ մշակում են այնպիսի առաջարկներ, որոնք կբարելավեն ջրամատակարարման, շրջակա միջավայրի մաքրման, էներգիայի վստահելի աղբյուրների զարգացման եւ ճանապարհների բարելավման ծրագրերը։
Ընկերության ծրագրերը կօգնեն նաեւ կաշառակերության վերացման ջանքերին, միաժամանակ բարելավելով նպաստառու երկրների պետական եկամուտն ու շուկաների մատչելիությունը՝ միլիոնավոր աղքատների համար։
Առ այսօր Հազարամյակի մարտահրավեր ընկերությունը կնքել է օգնության 20 պայմանագրեր եւ մոտ 7.7 միլիարդ դոլար է հատկացրել աղքատության վերացման ջանքերին՝ հենվելով արդյունքները չափելու եւ թափանցիկությունը պահպանելու սկզբունքների վրա։ Ընկերության հաջողությունների թվում են աշխարհում 102,000 ֆերմերների վերապատրաստման, ինչպես նաեւ արտադրողականության բարձրացման եւ սննդամթերքի անվտանգության բարելավման, շուկաների մատչելիությունը բարելավող ավելի քան 1,200 կիլոմետր ճանապարհների, դպրոցների եւ բժշկական կենտրոնների կառուցման ծրագրեր։