Մատչելի հղումներ

՝՝Business Week՛՛. ՝՝Հայկական համայնքում առաջ եկող Ճեղքվածքը՛՛


Ամերիկյան ՝՝Բիզնես Ուիք՛՛ շաբաթաթերթը փետրվարի 2-ի իր համարում տպագրել է ՝՝Հայկական համայնքում առաջ եկող Ճեղքվածքը՛՛ վերնագրով մի հոդված, ըստ որի, ինչպես հայաստանցիներն են ասում, երկար տարիներ Հայաստանին աջակցած հայկական սփյուռքին այսօր այնքան էլ չեն մտահոգում երկրի ներկա խնդիրները։


1991 թվականին անկախություն հռչակելուց հետո, Հայաստանն իր վրա զգաց աշխարհասփյուռ հայ համայնքների աջակցությունը, ինչի արդյունքում կառուցվեցին դպրոցներ ու ճանապարհներ, վերականգնվեցին տներ։ Սակայն Հայաստանի ու սփյուռքի միջեւ ճեղքվածքները միշտ են եղել, որոնք վերջին տարիներին ավելի են խորանում, գրում է շաբաթաթերթը։ Պատճառներից գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է։


Հոդվածի հեղինակ Ռուզան Հակոբյանը մեջբերում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի խոսքերը, որն ասում է, թե սփյուռքը շատ է զբաղված ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու խնդրով եւ կոչ անում, որ այն ավելի մեծ ուշադրություն դարձնի մարդու իրավունքները պաշտպանելու, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջով Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու խնդրով։


Թերթը հիշեցնում է, որ 2ՕՕ8 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո անգամ հայկական համայնքները հիմնականում մնացին լուռ, իսկ Ամերիկայի Հայկական համագումարը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որոնք հանդես եկան բռնությունները դատապարտող կարծր հայտարարարություններով, միաժամանակ հայտնեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու պատրաստակամություն։


Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ըստ ՝՝Բիզնես Ուիք՛՛ շաբաթաթերթի հոդվածագրի, հայկական սփյուռքը գտնում է, որ այն Արեւմուտքի ու Ռուսաստանի ճնշման հետեւանք է։ Արտասահմանի հայ համայնքների գործիչներից շատերը դատապարտում են Հայաստանի իշխանություններին նրա համար, որ Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում քննարկումներ չանցկարցրին սփյուռքի հայերի հետ։

Նույնիսկ կան գործիչներ, ովքեր կարծում են, թե հայ-թուրքական արձանագրություններն ավելի են իրարից օտարելու Հայաստանն ու սփյուռքը։ Այդ արձանագրություններն էին պատճառը նաեւ նրա, որ 2ՕՕ9 թվականի Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվեց նախորդ տարվա հավաքած գումարի միայն կեսը, գրում է ՝՝Բիզնես Ուիք՛՛ շաբաթաթերթը, եզրափակելով, թե ՝՝հարկավոր է Հայաստան-սփյուռք հարաբերություններում քաղաքականության փոփոխություն՛՛։

XS
SM
MD
LG