Հունվարի 27-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում Բարաք Օբաման հանդես եկավ իր առաջին նախագահական ամենամյա ուղերձով: Ամերիկյան սահմանադրության համաձայն, ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պարտավոր է պարբերաբար երկրի օրենսդիրին զեկուցել իր կառավարության անելիքների ընթացքը:
Այսպիսով ԱՄՆ-ի առաջին աֆրոամերիկացի նախագահ Բարաք Օբամայի առաջին նմանատիպ ելույթը տևեց մեկ ժամից ավելի:
Այն հիմնականում վերաբերում էր ԱՄՆ-ի տնտեսության, ֆինանսական շուկայի, գործազրկության դեմ պայքարի ոլորտներում իր վարչակազմի կողմից առաջարկվող դեղատոմսերին:
Խոստումները բազմազան էին. 2010-ի ընթացքում 1,5 միլիոն նոր աշխատատեղեր, արտահանվող ապրանքների աճ, դոլարի ուժեղացում և բանկերից ետ ստացված գումարների հաշվին սոցիալական ոլորտի ծրագրերի իրականացում:
Պատերազմների ավարտը նույնպես շարունակում է Օբամայի օրակարգում լինել. “որպես նախագահի թեկնածու ես խոստացել էի, որ ընտրվելու պարագայում իր ավարտին եմ հասցնելու Իրաքում մղվող պատերազմը, այժմ որպես նախագահ կարող եմ վստահեցնել ձեզ, որ 2010-ի օգոստոսին մեր վերջին զինվորը դուրս կգա այդ երկրից”:
Խոսելով Ռուսաստան ԱՄՆ հարաբերությունների մասին Օբաման նշել է, թե վերջին 2 տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկու երկրների միջև կնքվելու է սպառազինությունների վերաբերյալ ամենամեծ պայմանագիրը:
Իրանի պարագայում, սակայն, հռետորաբանությունն ավելի կոշտ էր: Օբաման ասել է, թե միջազգային պարտավորությունները չկատարելու պարագայում ինքը խոստանում է, որ այդ երկրի վրա կիրառվող պատժամիջոցները լուրջ հետևանքներ կունենան Իրանի համար: