Չինաստանը հերքել է կառավարության որեւէ մասնակցություն Google ամերիկյան հսկայի դեմ ցանցահենային հարձակումներում: Պեկինը պնդում է, որ կառավարությունը կարգավորում է ինտերնետը օրինականության շրջանակներում:
Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ ցանցահենության դեմ պայքարի իրենց քաղաքականությունը թափանցիկ է եւ հետեւողական:
Նախարարության կողից մի անանուն աղբյուր հաղորդել է չինական “Ցինհուա” լրատվական գործակալությանը, որ Միացյալ Նահանգների մեղադրանքներն այն մասին, թե չինական կառավարությունը ներգրավված է Google-ի դեմ հարձակումներում, անհիմն են եւ նպատակ ունեն վարկաբեկել Չինաստանին:
“Ցինհուա”-ին տված մեկ այլ հացազրույցում Չինաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինտերնետի պետական կարգավորումը նշանակում է օրինականորեն նպաստել ավելի վստահելի, օգտակար տեղեկատվական ցանց կառուցելուն, որը նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացում կունենա:
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “անհանգստություն” էր հայտնել կիբերանվտանգության խախտումների կապակցությամբ, որոնք Google-ը վերագրում է Չինաստանին:
Ըստ Google-ի, հարձակումների նպատակն էր մուտք գործել չինացի այլախոհների էլեկտրոնային փոստարկղեր:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրվա ծավալուն ելույթում կոչ է արել Չինաստանին եւ այլ ավտորիտար կառավություններին` ապահովել քաղաքացիների ազատ մուտքն ինտերնետ:
Google-ը սպառնում է հեռանալ Չինաստանից` գրաքննության եւ իր փոստային հասցեների վրա կիբերհարձակումների պատճառով: