Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց անվտանգության ծառայության կողմից 3 զինյալներ են սպանվել երկրի Հյուսիսային Վազիրիստան կոչվող տարածքում: Ըստ ԱՄՆ-ի, այս հատվածում են կենտրոնացված Ալ Քաիդային և թալիբներին աջակցող խմբեր:
Երեք զինյալները հայտնաբերվել են Միրան Շահ քաղաքում, որտեղ պակիստանցի իրավապահների կողմից անցկացվող անվտանգության գործողությունները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբեր ամսից:
Միացյալ Նահանգների նպատակն է հասնել նրան, որ Պակիստանի իշխանություններն անվտանգության ընդլայնված միջոցառումներ իրականացնեն Աֆղանստանին սահմանակից ողջ տարածքի երկայնքով, քանի որ ենթադրաբար հենց այս տարածքներից են իրականացվում Աֆղանստանի վրա Ալ Քաիդայի և թալիբների հարձակումները:
Այսուանդերձ, Պակիստանի բանակի խոսնակ, գեներալ Աթար Աբբասը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցի տարածաշրջանային այցելության ընթացքում նշել է, թե առաջիկա 6 ամիսների ընթացքում իրենք անկարող կլինեն ի կատար ածել ԱՄՆ-ի պահանջը: