Մատչելի հղումներ

Սուլթան Համիդի թոռն ասում է, որ եկել է Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտությունն ասելու ժամանակը


Սուլթան Համիդի թոռը՝ Բեյզադե Բյուլենթ Օսմանն ասում է, թե Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ինքը ճշմարտության կողմնակիցն է։

՝՝Ֆրանսիացիներն ու գերմանացիները եւս ջարդել են միմյանց, սակայն կարողացել են հաստատել երկխոսություն միմյանց միջեւ՛՛, ասում է նա թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ թերթի ազգությամբ հայ լրագրող Վերջիհան Զիֆլիօղլու (Զիֆլյան)-ին տված հարցազրույցում։

Բեյզադե Բյուլենթ Օսմանը Թուրքիայի վերջին կայսր՝ Սուլթան Համիդի ամենակրտսեր դստեր՝ Նաիմե Սուլթանի որդին է։
Նույն հարցազրույցում նա ասում է նաեւ, թե Թուրքիայից արտաքսվելուց հետո կրած դժվարությունները հաղթահարելու գործում իր ընտանիքը պարտական է ֆրանսահայերին։ ՝՝Ընտանիքիս անդամներն իրենց գրպաններում չեն ունեցել նույնիսկ մանրադրամ եւ միայն նրանց հայ բարեկամներն են ցույց տվել օգնություն՛՛, ասում է նա, ավելացնելով, որ մի հայ կին է նրա ընտանիքին ընդունել իր առանձնատանը, ուր եւ ապրել են երկար ժամանակ։

՝՝Եւ ես չեմ կարող հերքել այն ամենը, ինչ հայերն արել են իմ ընտանիքին օգնելու համար՛՛, ասում է Սուլթան Համիդի թոռը։

Թերթը պատմում է, որ այսօր 8Օ-ամյա Բեյզադե Բյուլենթ Օսմանը ծնվել է Ֆրանսիայում, որն այսօր էլ հիշում է, թե ինչպես էր իր տատը ամեն օր լաց լինում աքսորի տարիներին։
Ֆինանսական ծանր կացությունը ստիպել է, որ Օսմանյան դինաստիայի անդամները ցրվեին աշխարհով մեկ։ Ինչպես Բեյզադե Բյուլենթ Օսմանն է տեղեկացնում, միայն 1952 թվականին են Թուրքիայի իշխանությունները այդ դինաստիայի որոշ անդամների՝ միայն կանանց ու երեխաներին տվել Թուրքիա վերադառնալու իրավունք։ Տղամարդկանց ներում է շնորհվել 1974 թվականին։
Ինքն առաջին անգամ Թուրքիա է ժամանել 199Օ-ականներին՝ հոր մահից հետո։


Այսօր նա պատրաստվում է ներկայանալ դատարան՝ Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլի նավթի հանքերի նկատմամբ իր սեփականությունը վերահաստատելու հայցով։ ՝՝Հուրիեթ՛՛-ին տված հարցազրույցում նա ասում է նաեւ, թե այդ հանքերին իր պապը՝ Սուլթան Համիդը տիրացել էր Օսմանյան Թուրքիայի հայկական համայնքի անդամներից Գալուստ Գյուլբենկյանի օգնության շնորհիվ։


՝՝Այսօր եկել է բոլոր հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտությունն ասելու ժամանակը՛՛, ասում է հայկական ջարդերի կազմակերպիչ, Օսմանյան Թուրքիայի վերջին կայսր Սուլթան Համիդի թոռը։


՝՝Հուրիեթ՛՛ թերթի այս հարցազրույցը կարող եք կարդալ՝ այցելելով ինտերնետային հետեւյալ էջը.

http://www.hurriyetdailynews.com/n.php?n=grandchild-of-8216crimson-sultan8217-goes-to-court-for-mosul-oil-2010-01-10



XS
SM
MD
LG