Մատչելի հղումներ

Ամանորյա կանաչ միջոցառումներ Նյու Յորքի Թայմզ հրապարակում


Այսօր մարդկանց հոծ բազմությունը կհավաքվի Նյու Յորքի Թայմզ հրապարակում նոր տարին ցնծությամբ դիմավորելու համար։ Սակայն բնապահպանության հարցերով մտահոգված շատեր հարցականի տակ են դնում գիշերվա ժամը 12-ին հրապարակը էլեկտրական պայծառ լույսերով ողողելու ու երկնքից հսկա քանակությամբ թղթի գույնզգույն կտորներ թափելու նոր տարվա տոնակատարության ավանդույթի անհրաժեշտությունը։

Այդ իսկ պատճառով նոր տարվա տոնակատարությունների կազմակերպիչները այս տարի ամենուր, ներառյալ Թայմզ հրապարակում, փորձում են օգտագործել բնական միջավայրին չվնասող նյութեր եւ էլեկտրականությունը խնայող նոր տեխնոլոգիաներ։

Բնապահպանության ջատագովներն ասում են, թե վերջին տարիներին, երբ Միացյալ Նահանգներում ու աշխարհում մարդկանց իրազեկությունը բնական միջավայրի հարցերով աճել է, Նյու Յորքում եւս, նոր տարվա միջոցառումների կազմակերպիչները մեծ ուշադրություն են հատկացնում բնական շրջապատը չապականելու նախաձեռնություններին։

Բնական հարստությունների պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեն Հերշկովիցն ասում է, թե անհրաժեշտ է էներգիայի աղբյուրների խնայման նոր ուղիներ որոնել հատկապես մեծ թվով մարդկանց փոխադրության ոլորտում, տոնակատարություններում կիրառել վերօգտագործելի նյութերից պատրաստված իրեր եւ մատուցել միայն տեղական արտադրության եւ մշակման սննդամթերք։

Հերշկովիցի համաձայն, խիստ կարեւոր է նաեւ ամանորյան տոնակատարություններում թռուցիկների եւ էլեկտրոնային ծանուցումների տարածումը բնապահպանության հարցերի եւ էներգիայի աղբյուրների խնայման մասին։ Հեղինակավոր ամերիկյան ընկերություններ եւ կազմակերպություններ այս տարի հովանավորում են բնապահպանության հարցերի լուսաբանման հանրային ծրագրեր եւ միջոցառումներ։

Հերշկովիցը հուսով է, որ այս ամենը կնպաստի, որ Թայմզ հրապարակում հավաքվածները նոր գիտելիքներ հայթայթեն բնապահպանության վերաբերյալ, հնարավոր դարձնելով որ 2010 թվականի ընթացքում մարդիկ համապատասխան փոփխություններ կատարեն նաեւ իրենց սեփական կյանքում։

XS
SM
MD
LG