Իրաքում զինված անօրինական խմբավորումները գտել են առանց օդաչու թռչող ամերիկյան հետախուզական օդանավերի փոխանցած տեսանյութերը դիտելու եղանակը։
Ըստ Wall Street Journal թերթի հայտնած տվյալների, ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունն այս մասին իմացել է մեկ տարի առաջ, երբ շիա մահմեդականներից առգրավված մի գոգահամակարգչի մեջ հայտնաբերել են համակարգչային մի ծրագիր, որը թույլ է տալիս որսալ նման տեսահաղորդագրություններ։
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե ապստամբ ուժերն օգտվել են օդանավերի հաղորդակցության համակարգի չպաշտպանված կապերից։ Իսկ ծրագիրը, որը որսում է օդանավերի հաղորդած տվյալները, ինտերնետից կարելի է գնել 26 դոլարով։
Այն արտադրված է Ռուսաստանում ՝՝ՍկայՍոսֆտեր՛՛ ընկերության կողմից։ Հաշակարգչային այս ծրագրի նպատակը արբանյակային ինտերնետից տեղեկություններ որսալն է։
Չկան տեղեկություններ, որ Իրաքի զինված խմբավորումներին հաջողված լիներ իրենց վերահսկողության տակ առնել հետախուզական այս օդանավերի կառավարումը, սակայն փաստ է, որ նրանց հաջողվել է ցանկացած պահի իմանալ այս օդանավերի գտնվելու վայրը։
Նման բան տեղի է ունեցել նաեւ Աֆղանստանում։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այժմ աշխատում է հետախուզական օդանավերի հաղորդակցության միջոցների պաշտպանվածությունն ապահովելու ուղղությամբ, ինչը պահանջում է ցանցի լիակատար նորացում։