Մատչելի հղումներ

Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին


Իրաքի սուննի արաբ փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին վետո դրեց ընտրական օրենքի կետերից մեկի վրա, դրանով իսկ խափանելով հունվարին այստեղ ընտրություններ անցնկացնելու ծրագիրը։
Նա պահանջում է, որ արտասահմանում բնակվող ավելի մեծաթիվ իրաքցիների ներկայություն ապահովվի երկրի խորհրդարանում։ Իրականում արտասահմանում բնակվող իրաքցիների մեծամասնությունը սուննի արաբներ են։


Ալ-Հաշեմին օրենսդիր մարմնում վետոյի իրավունք ունի, որպես Իրաքի նախագահական եռանդամ խորհրդի ներկայացուցիչ։
Ի վերջո ո՞րն էր ընտրական օրենքի այս կետը երկրի սուննի արաբ փոխնախագահի կողմից վետոյի ենթարկելու բուն պատճառը։


Գլխավոր պատճառն այն է, որ տասնամյակներ շարունակ Սադդամ Հուսեյնի իշխանության օրոք Իրաքի սուննի արաբ փոքրամասնությունը իրեն քաղաքականապես մեկուսացված է զգացել։
Հետսադդամյան ժամանակաշրջանի առաջին համընդհանուր ընտրություններում էլ, որոշ հակասությունների պատճառով, սուննի արաբները գնացին բոյկոտի ու չմասնակցեցին ընտրություններին՝ այսպիսով զրկվելով խորհրդարանական աթոռներից։
Եւ փոխնախագահի այս քայլը փաստորեն սուննի արաբներին նորից մեկուսացնելու մտավախության արդյունք էր։


Ի դեպ, Իրաքի քրդերը նույնպես պահանջում են սահմանադրության մեջ փոփոխություն՝ քրդաբնակ հատվածներից ավելի մեծաթիվ աթոռներ խորհրդարանում ստանալու համար։
Ու կարելի է ասել, որ սուննի արաբ փոխնախագահ ալ-Հաշեմիի վետոն եւ քրդերի կողմից ներկայացված վերջնագիրը կարող են փակուղի դառնալ ժողովրդավարության ուղու վրա առաջին քայլերը կատարող Իրաքում եւ ձգձգել մինչեւ օգոստոս ամիսն այստեղից ամերիկյան մարտական բոլոր ուժերը դուրս բերելու Վաշինգտոնի ծրագիրը։

XS
SM
MD
LG