ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, ամբողջ երկիրը սգում է Տեխասի ռազմական հենակետում իրականացված զինված հարձակման 13 զոհերի համար։ Նա նաեւ կոչ է անում հեռու մնալ մայոր Նիդալ Մալիք Հասանի կողմից իրականացված գործողության դրդապատճառների մասին շուտափույթ եզրակացություններ անելուց։
Ֆորթ Հուդի հենակետի պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ զինյալը հինգշաբթի օրն այս հարձակումը սկսել է մարդկանց երկու հրացաններով կրակելով։
Դեպքի վայր հասած ոստիկանի չորս կրակոցներից հետո Տեխասի զինվորական հոսպիտալ տեղափոխված Հասանի առողջական վիճակն այժմ կայուն է։
Ֆորթ Հուդի ռազմական հենակետում Հասանը եղել է բժիշկ հոգեբան, որը բուժումներ է նշանակել հոգեբանական խնդիրներ ու դժվարություններ ունեցող զինվորականներին։ Ըստ մի շարք տեղեկությունների, Հասանին շուտով պատրաստվում էին ուղարկել Իրաք կամ Աֆղանստան։
Հենակետում ուրբաթ հայտարարված է սգո օր։ Այս հենակետը աշխարհում ԱՄՆ-ի ամենախոշոր հենակետերից է։