Մատչելի հղումներ

Հակաթուրքական տրամադրություններ Իսրայելում


Իսրայելի որոշ սրճարաններ հրաժարվել են թուրքական սուրճ վաճառել։ Պատճառն այս երկրում տարածվող հակաթուրքական տրամադրություններն են։ Տրամադրություններ, որոնք առաջին անգամ ի հայտ եկան, երբ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ի պաշտպանություն պաղեստինցիների, սուր եւ աղմկոտ քննադատության ենթարկեց Իսրայելին։ Այդ տրամադրություններն ավելի խորացան, երբ Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքը ցուցադրեց ՝՝Անջատում՛՛ խորագրով մի կինոֆիլմ, որտեղ պատկերվում են պաղեստինցի երեխաների ու ամբողջ ընտանիքներ գնդակահարող իսրայելցի զինվորականներ։


Պատճառներից մյուսը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի զինավարժություններին Իսրայելի զորքերի մասնակցությունն արգելելու Թուրքիայի կառավարության որոշումն էր՝ հենված այն պատճառաբանության վրա, որ Գազայի գոտում պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից իրականացված գործողությունների արդյունքում մեծ մտահոգություն է տիրում Թուրքիայի հանրության շրջանում։
Մյուս պատճառը մինչեւ Իրանի նախագահի հետ հանդիպումը Իսրայելին միջուկային զենք կրելու պատճառով դատապարտելու Թուրքիայի վարչապետի խոսքերն էին։

Սրճարանից օգտվողներն ունեն հակասական կարծիքներ։ Ոմանք ասում են, թե անկախ ամեն ինչից, Թուրքիան շարունակում է մնալ Իսրայելի բարեկամ եւ կան նման հարցերն այլ եղանակով լուծելու տարբերակներ։
Այլոք ունեն մեծ անհանգստություններ թուրքական, իրենց խոսքերով ասած, ՝՝այս արշավի՛՛ նկատմամբ եւ որպես հայրենասիրություն, հրաժարվում են թուրքական սուրճ խմելուց։

Այս տրամադրությունները մեղմելու նպատակով էր Իսրայելում հրավիրվել թուրք- իսրայելյան հարաբերություններին նվիրված մի հանդիպում, որտեղ Իսրայելում Թուրքիայի դեսպան Ահմեթ Օղուլ Չելիքոլն ասաց, թե կարեւորելով հանդերձ թուրք-իսրայելյան հարաբերությունները, հարկավոր է լավ հասկանալ նաեւ ամբողջ աշխարհում այս երկու երկրների կարեւորությունը, ինչպես նաեւ՝ այս տարածաշրջանում Թուրքիայի դրական ազդեցությունը։


Թուրք-իսրայելյան հակասություններն ու Իսրայելում խորացող հակաթուրքական տրամադրությունները շեշտելու մի լավ օրինակ էր հանդիպման ժամանակ հրեա պրոֆեսորներից մեկի այն խոսքերը, թե իրենք հասկանում են Թուրքիայի դերի կարեւորությունը շեշտելու թուրք դեսպանի տրամաբանությունը, սակայն չեն հասկանում Թուրքիայի վարչապետի հակահրեա հայտարարությունները։

Իսկ այդ տրամադրություններն արտահայտվում են նաեւ Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջեւ վերջին շաբաթների ընթացքում շարունակվող ցույցերով։

XS
SM
MD
LG