Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի ու Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հակադիր կարծիքները


ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ հանրապետկան Ջորջ Ռադանովիչը իրենց աջակցությունը հայտնեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզի եւ հանրապետական Ջոն Էնսայնի կողմից ներկայացված բանաձեւին։

՝՝Փաստերը հստակ են եւ չկա Օսմանյան կայսրությունում մեկ եւ կես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը ցեղասպանություն որակելու հարցում որեւէ խնդիր։ ԱՄՆ-ը ունի ցեղասպանության այս զարհուրելի փաստը ճանաչելու բարոյական պարտավորություն՛՛, ասված է երկու կոնգրեսականների հայտարարության մեջ, ովքեր խոստանում են նաեւ, որ կշարունակեն աշխատանքը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, ինչպես նաեւ՝ Օբամայի վարչակազմում, որպեսզի բանաձեւն անցնի Կոնգրեսի զույգ պալատներում։

՝՝Իսկ ես հույս ունեմ, որ այս ուղղությամբ որեւէ առաջընթաց տեղի չի ունենա՛՛, ասում է ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Նաբի Շենսոյը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում։
՝՝Այս զարգացումներն անսպասելի չէին՛՛, ասում է նա ու ավելացնում.
՝՝Ես կարծում եմ, որ այս քայլին դիմելու ճիշտ ժամանակը չէր, քանի որ բանաձեւն ուղարկվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրությունները ստորագրվելուց անմիջապես հետո։ Այն սխալ է ու ցավալի։ Հույս ունեմ, որ այն չի հասնի լիագումար նիստի սեղանին՛՛։

Իսկ ահա Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը վստահ է, որ այս բանաձեւը, որը անցյալ տարի ներկայացված բանաձեւի ճիշտ կրկնությունն է եւ փաստորեն արժանացել է այն ժամանակ սենատոր Բարաք Օբամայի հավանությանը, առաջ կգնա շատ արագ։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, ՝՝այդ բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել այն ժամանակ սենատորներ, այսօր՝ փոխնախագահ Ջո Բայդընը եւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը։ Այժմ ունենք բանաձեւին աջակից ավելի քան 13Օ կոնգրեսականներ ու մեծ հույսեր, որ այն առաջ կգնա շատ արագ՛՛։

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ հայ-թուրքական մերձեցման այս փուլը կարող է կասեցնել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու գործընթացը։

Արամ Համբարյանի խոսքերով, Թուրքիան Հայաստանի հետ սեղանի շուրջ է նստել ոչ թե որպես բարեգործություն, ոչ թե Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում, ՝՝այլ՝ նաեւ Ցեղասպանությունը ճանաչելու հարցում հայկական սփյուռքի իրականացրած աշխատանքի արդյունքում առաջ եկած ճնշումների տակ։
Թուրքիան լավ է հասկանում միջազգային համայնքի վրա հայկական սփյուռքի դերը եւ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները՛՛։

Ինչ վերաբերում է արձանագրություններին, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրենը հույս է հայտնում, որ Հայաստանի կառավարությունը հաշվի կառնի, իր խոսքերով ասած, Հայաստանից ակնկալվող միակողմանի զիջումների գնալու հարցում Հայաստանի բնակչության եւ սփյուռքահայության մեծ մասի մտահոգությունները։

XS
SM
MD
LG