Մատչելի հղումներ

Համերաշխություն, որպեսզի կարողանանք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին  


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում առաջարկել է ժողովուրդների համերաշխության նոր հայեցակարգ` նշելով, որ Միացյալ Նահանգները միայնակ չի կարող լուծել աշխարհի գլոբալ խնդիրները:

Նախագահի պաշտոնն այս տարվա հունվարին ստանձնելուց հետո, սա ամերիկյան ղեկավարի առաջին ելույթն էր ՄԱԿ-ի ամբիոնից: Օբաման մասնավորապես ասել է, որ իր կողմից ղեկավարվող վարչակարգը տարբերվում է Բուշի իշխանության տարիներից նաև այն պատճառով, որ իրենք չեն ցանկանում “միայնակ գործել” աշխարհին վերաբերող խնդիրները լուծելիս:

Ելույթում որպես օրինակներ նշվեցին Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանին և Պակիստանին մարդասիրական օգնություն տրամադրելու փաստը, Իրաքյան պատերազմն ավարտին հասցնելու քաղաքական կամքի առկայությունը, Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային զենքի քանակների նվազեցման համատեքստում, ինչպես նաև շրջակա միջավայրին առըչվող իր վարչակարգի քաղաքականությունը:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ այժմ ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր պետություն պատասխանատվության իր մասը ստանձնի աշխարհի գլոբալ խնդիրները լուծելու նպատակով: Նրա համոզմամբ նոր ժամանակների մարտահրավերներն այնքան լուրջ են, որ երկրներն այլևս պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են ավելի կարևոր խնդիրների շուրջ համագործակցությանը:

XS
SM
MD
LG