Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթըն. ՛՛ժամանակն է, որ Իրանը ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը զենքերի արտադրության նպատակ չի հետապնդում՝՝ 


Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը պաշտպանել է Օբամայի վարչակազմի նոր մոտեցումը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու ծրագրին։ Նա ասել է, թե նոր մոտեցումը ո՛չ թե չեղյալ է հայտարարում այն, այլ առավել համապատասխանեցնում է այն ներկա իրավիճակին եւ Իրանից ակնկալվող սպառնալիքներին։

Հիլարի Քլինթընի համաձայն, նոր ծրագիրը մեծապես ապավինում է ծովային կանխարգելիչ հրթիռներին, եւ որ նման համակարգի տեղակայումը կիրագործվի նախագահ Բուշի համակարգի իրագործումից տարիներ առաջ։

՝՝Այս որոշումը Ռուսաստանին կապված չէ։ Այն կապված է Իրանին եւ նրա միջին հեռահարության հրթիռային ծրագրի սպառնալիքին։ Այս մոտեցման շնորհիվ մենք Իրանի սպառնալիքը կանխելու առավել հզոր դիրք կգրավենք։ Մենք դա կիրագործենք առավել արդյունավետ տեխնոլոգիայի եւ վստահության առավել բարձր աստիճանի շնորհիվ՝՝, ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը։

Այս նոր հայտարարությունը, ըստ երեւույթին, մտահոգել է Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցներին եւ սուր քննադատության է ենթարկվել պահպանողական ամերիկացիների կողմից, ովքեր պնդում են, թե Օբամայի վարչակազմը տեղի է տվել ծրագրի դեմ Ռուսաստանի բողոքներին։

Հիլարի Քլինթընը հայտարարել է նաեւ, որ ժամանակն է, որ Իրանը կամ ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը զենքերի արտադրության նպատակ չի հետապնդում, կամ էլ կանգնի միջազգային լրացուցիչ պատժամիջոցների եւ մեկուսացման վտանգի առջեւ։

՛՛Հունիս ամսից ի վեր Իրանի կառավարությունը զբաղված է ընդդիմադիրներին ձերբակալելու, ցուցադրական դատավարություններ կազմակերպելու եւ խոսքի ազատությունը ճնշելու գործով։ Իրանի կառավարությունը մի կողմից փորձում է արդարություն որոնել աշխարհում, մյուս կողմից խեղդում է արդարությունը իր երկրում։ Սակայն մենք պատրաստ ենք Իրանին ներկայացնելու ոչ միայն մեր, այլ նաեւ մեր դաշնակիցների մտահոգությունները՝ Իրանի կառավարության գործունեության, հատկապես միջուկային ծրագրի վերաբերյալ՝՝, ասել է Հիլարի Քլինթընը։

Նա հայտարարել է, որ զենքերի չտարածմանը եւ զինաթափմանը առնչված աշխատանքները, միջուկային զենքերի ամբողջովին վերացման նպատակով, կարեւոր առաջնահերթություններ են Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Նախագահ Օբաման ծրագրում է այս խնդրին անդրադառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդհանուր ժողովում այս շաբաթ։

՛՛ՄԱԿ-ի նկատմամբ մեր վերջին տարիների թերահավատ մոտեցումը շարունակելու դեպքում, մենք կվտանգենք մեր սեփական ապագան՝՝ ասել է Հիլարի Քլինթընը։

XS
SM
MD
LG