ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պետ Լեոն Փանեթան ասում է, թե Իրանի ղեկավարությունը դեռեւս չի կողմնորոշվել միջուկային զենքեր արտադրելու ծրագրերը շարունակելու հարցում։
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված բացառիկ հարցազրույցում նա ասում է, որ չնայած Իրանը շարունակում է միջուկային էլեկտրաէներգիա արտադրելու աշխատանքները, երկրի ղեկավարները դեռեւս տարակարծիք են ատոմային զենք արտադրելու հարցում։
Նրա խոսքերով, այս հանգմանքը թույլ է տալիս մտածել Իրանի հետագա քայլերի վրա ազդելու հնարավորության մասին։
ՄԱԿ-ի միջուկային հարցերով գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել էր, թե չկան ապացույցներ այն մասին, որ Իրանն ունի կամ երբեւիցե ունեցել է միջուկային զենքեր արտադրելու ծրագիր։ ՝՝Այն մեղադրանքները, ըստ որոնց այս գործակալությունը կոծկում է Իրանի մասին որոշ տեղեկություններ, պարզապես ունեն քաղաքական դրդապատճառներ եւ անհիմն են՛՛ ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան դաշնակիցները մեղադրում են Իրանին միջուկային զենքեր արտադրելու ծրագրեր ունենալու մեջ։ Իրանը շարունակ պնդում է, թե միջուկային իր ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ։