Մատչելի հղումներ

Նախագահական ընտրություններ Աֆղանստանում


Օգոստոսի 20-ին Աֆղանստանում, Թալիբանի սպառնալիքներին հակառակ, ընտրողները իրենց կյանքի գնով մասնակցեցին երկրի նախագահական ընտրություններին։ Հաղորդագրությունների համաձայն, ցաք ու ցրիվ բռնարարքներ են տեղի ունեցել երկրի որոշ շրջաններում, ներառյալ՝ մայրաքաղաք Քաբուլում։

Քաբուլի որոշ ընտրակենտրոններում քվեարկողների թիվը քիչ է եղել։ Իսկ հարձակումների հավանականության հետեւանքով, ապստամբ ուժերի կողմից վերահսկվող գյուղական շրջաններում որոշ ընտրակենտրոններ նույնիսկ չեն բացվել։ Այդուհանդերձ, աֆղան հարյուր հազարավոր զինվորներ եւ ոստիկաններ, տասնյակ հազարավոր միջազգային զինյալ ուժերի աջակցությամբ ջանացել են վերահսկել անվտանգությունը երկրում։ Ընտրություններին հետեւել են աֆղան եւ միջազգային հազարավոր դիտորդներ։

ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Ջիմ Մուդին եւս Քաբուլում էր, որպես դիտորդ ՛՛Դեմոքրասի Ինթըրնաշընըլ՝՝ կազմակերպությունից.

Նրա խոսքերով, ՛՛Ոչ մի ընտրություն կատարյալ չէ։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում մենք խնդիրներ ենք ունեցել։ Նկատի առնելով Աֆղանստանում շարունակվող պատերազմն ու ներքին հակամարտությունները, կարծում եմ, աֆղան ժողովրդին եւ կառավարությանը կարելի է շնորհավորել այս ընտրությունների առթիվ՝՝։

Ընտրաթերթիկները պարունակել են նախագահական թեկնածուների անունները, այդ թվում՝ ներկայիս նախագահ Համիդ Քարզայի անունը։ Քանի որ աֆղանների մեծ մասը գրագետ չէ, ընտրաթերթիկները պարունակել են նաեւ թեկնածուների նկարները եւ կուսակցությունների խորհրդանիշները։

՛՛Սրանք նախագահական եւ խորհրդարանական երկրորդ ընտրություններն են Աֆղանստանում։ Ես համոզված եմ, որ այս ընտրությունները աֆղան ժողովրդի խաղաղության, բարգավաճման եւ բարեկեցության համար են՝՝, ասել է Համիդ Քարզայը։

Անվտանգությունն առաջնահերթ հարց է ընտրողների համար, սակայն նրանք մտահոգված են նաեւ կաշառակերության վերացման, գործազբաղության եւ կրթության զարգացման հարցերով։

Այս ընտրություններում հիմնականում աֆղաններն են պատասխանատու ընտրական գործընթացի անվտանգության, ինչպես նաեւ միլիոնավոր քվեների հաշվառման համար։

Դիտորդների կարծիքով, ընտրությունները հազիվ թե արդար եւ ազատ նկատվեն արեւմտյան ժողովրդավարության չափանիշների համաձայն , սակայն Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ու այլ պաշտոնատարներ հուսով են, որ ընտրության արդյունքները ընդունելի կնկատվեն մասնակիցների մեծամասնության կողմից։

XS
SM
MD
LG