Մատչելի հղումներ

Ռուսաստանը մերժել է մասնակցել էներգիայի եվրոպական պայմանագրին


Ռուսաստանը պաշտոնապես մերժել է մասնակցել էներգիայի եվրոպական պայմանագրին, որի նպատակն է եվրոպական երկրների էներգիայի համակարգերը միավորել էներգիայի շուկայի շրջանակներում։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը անձամբ ստորագրել է այդ որոշման մասին հայտարարությունը։

Ռուսաստանն ու հիսուն այլ երկրներ Էներգիայի այդ կանոնադրությունն ու դրան առնչված պայմանագիրը ստորագրել էին դեռեւս 1994 թվականին։ Սակայն Ռուսաստանի օրենսդիրները երբեք չէին վավերացրել այդ փաստաթուղթը։ Եվրամիությունն ու այլ պաշտոնյաներ Մոսկվային ստիպել էին, որ փոխի այդ դիրքորոշումը, սակայն Ռուսաստանի իշխանությունները մերժել էին, սահմանադրական օրենքները պատճառաբանելով։ Նրանք ասում են, թե չեն կարող ընդունել մի պայմանագիր, որը երաշխավորում է Ռուսաստանի էերգիան փոխադրող խողովակաշարների մատչելիությունը արտասահմանյան ընկերություններին։

Էներգիայի կանոնադրությունը փորձում է բարելավել էներգիայի մատակարարումների անվտանգությունն ու հզորացնել էներգիայի արտադրության, փոխադրության եւ տեղաբաշխման կարողությունները։ Պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվում են օգնել էներգիայի պաշարների փոխադրումներին, դրանց սկզբնաղբյուրից կամ վերջնական հանգրվանից անկախ։

XS
SM
MD
LG