Մատչելի հղումներ

Իրանում սգում են նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ սպանվածների հիշատակը


Իրանում ոստիկանական հատուկ ուժերի ներկայացուցիչները ստիպել են ընդդիմության ղեկավար Միր Հուսեին Մուսավիին հեռանալ Թեհրանի գերեզմանատնից, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ սգալու ու հարգելու նրանց հիշատակը, ովքեր սպանվել էին երկրի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ։

Արարողության մասնակիցների խոսքերով, ոստիկանությունը գերեզմանատանը շրջապատել է նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Մուսավիին ու ստիպել հետ վերադառնալ իր ավտոմեքենան։ Հավաքվածներն այդ պահին սկսել են վանկարկել Մուսավիին աջակցող կոչեր։

Ոստիականությունը ձերբակալել է նաեւ արարողությանը մասնակցող մի քանի անձանց՝ պատճառաբանելով, որ հավաքի անցկացումը կառավարությունն արգելել էր նախապես։

Արարողությանը պիտի մասնակցեր ցույցերի ժամանակ սպանված Նեդա Աղա-Սոլթանի մայրը, նշելու համար ընտրություններից հետո սկսված ապստամբության խորհրդանիշ դարձած իր դստեր 4Օ-րդ տարեդարձը։

Ըստ Իրանի պաշտոնական տեղեկատվության, հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է 2Օ մարդ։ Ըստ որոշ այլ տեղեկությունների, սպանվածների թիվն անցնում է 3Օ-ից։

Եկող մի քանի օրերին կսկսվի 2Օ ցուցարարների նկատմամբ դատավարություն, ում իշխանությունները մեղադրում են ապօրինի զենք կրելու մեջ։

XS
SM
MD
LG