Մատչելի հղումներ

Իրաքյան Քրդստանի շրջանում սկսվեց շրջանի նախագահական ընտրությունների քվեարկությունը


Իրաքի Քրդական Ինքնավար Շրջանում շաբաթ օրն անցկացվելիք շրջանային նախագահական ընտրություններից առաջ հինգշաբթի օրվանից քվեարկությունը սկսեցին զինվորականները, բանտարկյալները եւ հիվանդանոցներում գտնվող անձինք։

Ակնկալվում է, որ ներկա նախագահ Մասուդ Բարզանին՝ Քրդստանի Դեմոկրատական Կուսակցությունից, կվերընտրվի շրջանային նախագահի պաշտոնին։

Միաժամանակ ակնկալվում է, որ Բարզանիի ղեկավարած Քրդստանի Դեմոկրատական Կուսակցությունն ու Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի ղեկավարած Քրդստանի Հայրենասիրական Միություն Կուսակցությունը ամենամեծ թվով տեղերը կշահեն այս շրջանի 111 տեղանոց խորհրդարանում։ Քվեարկություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը հասնում է 2.5 միլիոնի։

Անցյալ ամիս, Քրդական շրջանը սկսեց նավթ առաքել միջազգային շուկաներ, հակառակ Իրաքի նավթի պաշարների շուրջ Բաղդատի կենտրոնական կառավարության հետ ունեցած վեճին։

Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը հայրարարել է, որ նավթարդյունաբերության մասնավոր ընկերությունների հետ Քրդստանի իշխանությունների ստորագրած պայմանագրերն օրինական չեն։

Միաժամանակ Բարզանին կոչ է արել, որ հանրաքվե անցկացվի վիճելի շրջանների, ներառյալ՝ նավթով հարուստ Քիրքուկի պահանջատիրությունը հաստատող սահմանադրական մի նախագծի շուրջ։

Հատկապես Քիրքուկի շրջանում քրդերի եւ արաբների միջեւ լարվածությունը իրենից մեծ վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության համար։

XS
SM
MD
LG