Իրանի լրատվության պետական աղբյուրները հաղորդում են, որ մարդատար մի օդանավ կործանվել է Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանում, օդանավի բոլոր ուղեւորների մահվան պատճառ դառնալով։ Ըստ հաղորդագրության, դեպի Երեւան թռչող օդանավը, որը վայր է ընկել Իրանի Ղազվին քաղաքի վրայով թռչելիս, օդ էր բարձրացել Թեհրանի Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայանից, վթարից ընդամենը 16 րոպե առաջ։
Ականատեսների վկայությունների համաձայն, օդանավը բոցավառվել է թռիչքի ընթացքում։ Վթարի վայրում կատարված տեսագրությունները պատկերում են ՛՛Կասպիան Էրլայնզ՝՝ ընկերության ինքնաթիռի այրված բեկորներով պատված մի դաշտ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, թե օդանավում եղել են 153 ուղեւորներ, որոնցից 15 անձնակազմի անդամներ են։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե նախագահ Սերժ Սարգսյանը ընդհատել է Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցելությունը, Երեւան վերադառնալու նպատակով։ ՛՛Կասպիան Էրլայնզ՝՝ ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին, ռուս-իրանական համագործակցությամբ։
Իրանում հաճախ են տեղի ունենում օդանավային վթարներ, որոնց մեծամասնությունը կապված է հին օդանավերի վերանորոգման դժվարությունների հետ։
Անցյալում Թեհրանը ինքնաթիռների վթարների համար մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ հաստատած պատժամիջոցներ համար, որոնք, ինչպես Իրանն է պնդում, արգելում են պահեստային մասերի առաքումները։ Սակայն ՛՛Կասպիան Էրլայնզ՝՝ ընկերությունը օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ, հետեւաբար ամերիկյան պատժամիջոցները այդ ընկերության ինքնաթիռների վերանորոգման աշխատանքների վրա ազդեցություն ունենալ չեն կարող։