Մատչելի հղումներ

Բարաք Օբամա.    ՝՝ԱՄՆ-ը ու ամբողջ աշխարհը սարսափած ու զայրացած են այլախոհությունը Իրանում ճնշելու բռնություններով՛՛


Իրանի ընտրական գերագույն մարմինը երեքշաբթի օրը հայտարարեց, թե չեղյալ չի հայտարարի հունիսի 12-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքը, քանի որ այն չի գտել այնպիսի խախտումներ, որոնք ազդեին այդ արդյունքի վրա։


Շատերն են ասում, որ այս հայտարարությունը խոսում է հետընտրական անհանգստությունները ուժով ճնշելու Իրանի վարչակարգի պատրաստակամության մասին։ Անհանգստությունների ալիք, ինչպիսին Իրանը չէր տեսել 1979 թվականի մահմեդական հեղափոխության օրերից ի վեր։
Իրավապահ մարմիններն Իրանում արդեն անցնում են պատժի միջոցների։ Ինչպես դատական ատյաններից են տեղեկացնում, հաստատվել է հատուկ դատարան, որը զբաղվելու է կալանավորված ցուցարարների հարցերով։
Վերջին օրերին Թեհրանի տարբեր հատվածներում են տեղակայվել հեղափոխական պահակազորին, Բասիջ ռազմական միավորմանը ու երկրի անվտանգության ուժերին պատկանող ջոկատներ, որոնց նպատակը մայրաքաղաքում ցույցերի արգելումն է։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե ԱՄՆ-ը ու ամբողջ աշխարհը սարսափած ու զայրացած են այլախոհությունը Իրանում ճնշելու բռնություններով։

Ես խստորեն դատապարտում եմ այս անարդար գործողությունները, ասաց նա, ավելացնելով, որ չնայած ԱՄՆ-ը հարգում է Իրանի ինքնիշխանությունը ու չի միջամտում այդ երկրի ներքին գործերին, միեւնույն ժամանակ բարձր է գնահատում Իրանի ժողովրդի հերոսությունն ու արժանապատվությունը։


Նրանք, ովքեր կանգնում են արդարության կողքին, միշտ էլ մնում են պատմության բարի էջերում, ասաց նա, ավելացնելով, որ Իրանում տեղի ունեցող այս դեպքերը կարող են անդրադառնալ Թեհրանի հետ ապագայում խոսելու ձայներանգի եւ այս երկրի հետ ապագա հարաբերությունների վրա։

Իրանի ներկա կառավարության ու նախագահ Ահմադինեջադի համար ուրախալի լուր ստացվեց Ռուսաստանից, երբ Մոսկվան հայտարարեց, թե հարգում է Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները։


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանն Իրանի հետ ունի քաղաքական ու տնտեսական երկար կապեր եւ այժմ էլ օգնում է Իրանին Բուշերի ատոմակայանի կառուցման գործում։


Չինաստանը, Վենեսուելան եւ էլի մի քանի նոր զարգացող երկրներ բռնել են Իրանի ներկա կառավարությանը եթե ոչ բացահայտ, ապա ներքուստ աջակցելու դիրքեր։

XS
SM
MD
LG