Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Թուրքիայի արտգործնախարարները՝ Լեռնային Ղարաբաղի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին


Ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի միջեւ անցկացված հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հարց եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարն ասաց, թե Վաշինգտոնը ոգեւորված է հայ-թուրքական հարաբերություններում գրանցված առաջընթացով եւ այդ հարցում կողմերի պատրաստակամությամբ։


՝՝Մենք գիտակցում ենք, որ սա մեծ համբերություն պահանջող դժվար գործընթաց է եւ շարունակում ենք խրախուսել կողմերին, որ գնան այն ուղով, որն իրենք են ընտրել։ Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններն ու ժողովուրդները պիտի կարողանան տեսնել, թե հարաբերությունները բարելավելու որքան մեծ հնարավորություն է ստեղծվել՛՛, ասաց Հիլարի Քլինթընը։

Նա իր գոհունակությունն արտահայտեց Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ՝՝նաեւ այս պահին ընթացող՛՛ բանակցությունների կապակցությամբ։

Ի պատասխան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհակալություն հայտնեց Քլինթընին՝ այս երկու հարցերում ԱՄՆ-ի աջակցության համար՝ խոստանալով, որ Թուրքիան կշարունակի Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու եւ բարգավաճում ապահովելու իր ջանքերը։

XS
SM
MD
LG