Մատչելի հղումներ

Բարակ Օբամա. ՛՛Երիտասարդ ամերիկացիներին ռազմաճակատ կուղարկեմ միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում՝՝


Նախագահ Բարակ Օբաման Միացյալ Նահանգների ծովային ակադեմիայի ավարտական հանդեսում հայտարարել է, թե երիտասարդ ամերիկացիներին ռազմաճակատ կուղարկի միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում։

Նախագահ Բարակ Օբաման Մերիլենդի Անապոլիս քաղաքում գտնվող Ռազմա-ծովային ուժերի ակադեմիայի ավարտական հանդեսում հայտարարել է.

՛՛Ես ձեզ ռազմաճակատ կուղարկեմ միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում, լավ մշակված ծրագրի շրջանակներում եւ գործը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ լավագույն սարքավորումներով եւ աջակցությամբ՝՝։

Նախագահն ասել է, թե կարեւոր է համարում Իրաքի պատերազմը պատասխանատու կերպով ավարտելու եւ Աֆղանստանում ու Պակիստանում Ալքայդային պարտության մատնելու եւ ոչնչացնելու ծրագրերը։

Պրն. Օբաման եւ այլ դեմկրատներ անցյալում նախկին նախագահ Բուշին մեղադրել են ամերիկյան զորքերը առանց բավարար սարքավորումների եւ պաշտպանության Իրաք ուղարկելու համար։

Ռառզմածովային ակադեմիայի շրջանավարտներին հղած իր ելույթում նախագահ Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է հաղթահարի բազմաբնույթ սպառնալիքներ.

՛՛Մենք պետք է հաղթահարենք պետական եւ ահաբեկչական ցանցերի սպառնալիքները, կործանիչ տեխնոլոգիաների եւ ատելություն սերմանող գաղափարախոսությունների տարածումը, ինչպես նաեւ 18րդ դարի ոճի ծովահենության ու 21րդ դարի կիբերնետիկայի սպառնալիքները՝՝։


Նախագահն ասել է, թե ինքը դադարեցրել է ռազմածովային ուժերի բյուջեյի կրճատումները եւ ամրապնդում է նավատորմի կարողությունները։ Նա նաեւ խոստացել է բարձրացնել զինծառայողների աշխատավարձն ու սոցիալական նպաստները։ Նա խոստացել է նաեւ պահպանել Ամերիկայի զինվորական գերակայությունը։

Ռազմածովային ակադեմիայի շրջանավարտների թվում է նաեւ նախագահական նախկին թեկնածու Ջոն Մքքեյնի որդին։


XS
SM
MD
LG