Մատչելի հղումներ

Ո՞ր ծրագիրը կհաղթանակի. Եւրոպական Նաբուկկոն, թե՞ ռուսական Հարավային հոսանքը


Սրվում է Արեւելքից դեպի Արեւմուտք գազ արտահանելու երկու ծրագրերի միջեւ պայքարը։ Նաբուկկոն, որի նպատակը Եւրոպան Ռուսաստանի կախվածությունից ազատելն է, խողովակաշարի կառուցումը սկսելու դեպքում, այն կավարտի 2Օ14 թվականին։ Այն նախատեսում է Եւրոպա հասցնել ասիական գազը։ Հարավային հոսանքը, որը ցանկանում է կառուցել Ռուսաստանը՝ Եւրոպայի վրա իր ազդեցությունը պահպանելու նպատակով, գործել կսկսի 2Օ15 թվականին, եթե սկսվի դրա կառուցումը։

Նաբուկկոյի ամենամեծ խնդիրն այն է, որ դրա իրականացումը կախված է մի շարք երկրների համաձայնությունից։ Հարավային հոսանքի իրականացումը մեծապես կախված է Ռուսաստանից։ Ինչպես մասնագետներն են ասում, կառուցման համար այն կգտնի բավարար գազ, այդ խողովակաշարով արտահանելու համար։ Նաբուկկոյի համար խնդիրը բավարար գազ գտնելն է։ Թուրքմենստանը, որի հետ մեծ հույսեր էր կապում Նաբուկկոն, չնայած Ռուսաստանի հետ որոշ հակասությունների, դժվար է հավատալ, որ լիովին կհակադրվի Ռուսաստանին։

Վերջերս Պրագայում անցկացվեց Արեւելյան համագործակցության եւ Հարավային միջանցքի գագաթաժողովը, ինչի մանրամասնությունները Ամերիկայի հանրությանը ներկայացնելու նպատակով Վաշինգտոն է ժամանել Չեխիայի Հանրապետության նախագահության ներքո Եւրոպական Միության Էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ դեսպանորդ Վացլավ Բարտուշկան։

Նրա խոսքերով, այս պահին չկա որեւէ հստակ փաստարկ ասելու, թե որ խողովակաշարը կկառուցվի։ Կկառուցվի միայն մեկը, կամ Նաբուկկոն, կամ՝ Հարավային հոսանքը։ Երկուսի միաժամանակյա գոյությունը պարզապես անիմաստ է։

Եւրոպական Միության Էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ դեսպանորդն ասում է, թե Նաբուկկոյի համար ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ասիական երկրները, հեռու գտնվելով եւրոպական երկրներից, հաճախ առաջնայնություն են տալիս իրենց հարեւանների հետ համագործակցությանը։ Նման գործարքներում, ասում է նա, շատ հաճախ նախապատվություն է տրվում Չինաստանին։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Վացլավ Բարտուշկան ասում է, թե Նաբուկոյի նպատակը Ռուսաստանը մեկուսացնելը չէ, քանի որ անհնար է մեկուսացնել Ռուսաստանի նման հզոր երկիր։

՝՝Պարզապես Եւրոպան ավելի նպատակահարմար է գտնում Նաբուկկոն, քանի որ այս ծրագրի դեպքում, խողովակաշարը լցվում է տարբեր երկրների բնական գազով, ու գրեթե բացառվում գազի արտահանումը դադարեցնելու որեւէ հնարավորություն։ Իսկ Ռուսաստանի ու Ուկրաինայի դեպքերն անցյալ տարի ցույց տվեցին, թե որքան խոցելի է մեկ երկրից կախվածության հարցը՛՛, ասում է նա։

Արդյո՞ք Նաբուկկոյով Թուրքիան ավելի մեծ դիրքեր չի գրավում այս տարածաշրջանում։ Այս հարցին Վացլավ Բարտուշկան պատասխանում է.
՝՝Չէի ասի։ Ռուսաստանը շարունակում է մնալ որպես մեծ դերակատար եւ հարցն այն է, թե արդյոք ի վերջո Թուրքիան կհամաձայնվի դառնալ գազի արտահանման տարանցիկ երկիր թե՝ ոչ՛՛։
Դրա համար Թուրքիան պահանջում է գազի 15 տոկոսը։

Մի քանի օր առաջ, Բուլղարիայի, Հունաստանի, Սերբիայի ու Իտալիայի հետ Հարավային հոսանք ուղու շուրջ Սոչիում կնքած համաձայնագրով Ռուսաստանը ցույց է տալիս Եւրոպային՝ Նաբուկկոյի կողմնակիցներին, որ նրանք դեռեւս չունեն ո՛չ Թուրքմենստանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի եւ ո՛չ էլ Թուրքիայի համաձայնությունը։


՝՝Այնպես որ՛՛, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ, ՝՝ռուսական Հարավային հոսանքն այժմ ավելի կայուն հիմքերի վրա է, քան Եւրոպական Նաբուկկոն՛՛։

XS
SM
MD
LG