Մատչելի հղումներ

Վաշինգտոնի Ջեյմսթաուն հիմնադրամը քննարկում է Վրաստանի կացությունը


Վրաստանում ՆԱՏՕ-ի զորախաղերն այսօր շարունակվում են Ռուսաստանի խիստ ընդդիմության պայմաններում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս նորից քննադատեց այդ վարժությունների անցկացումը, ասելով, թե այն, Եւրոպական անվտանգությունը բարելավելու փոխարեն, ավելի է սրում իրադրությունը։

Վրաստանը հույս ունի դիվանագիտական ջանքերով հասնել նրան, որ Աբխազիայում ու Ցխինվալիի շրաջանում տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր եւ այս տարածքները, Վրաստանի փոխարտգործնախարար Գիգա Բոկերիայի խոսքերով, ՝՝աստիճանաբար ապաօկուպացվեն՛՛։ Այս հարցն է, որ Վրաստանի իշխանություններն այսօր դրել են իրենց արտաքին քաղաքականության հիմքում։

Վրաստանի կացության մասին պարբերաբար քննարկումներ են անցկացվում նաեւ Վաշինգտոնում։ Ջեյմսթաուն հիմնադրամի կազմակերպած ՝՝Վրաստանն ու Արեւմուտքը՛՛ վերտառությամբ հանդիպումը նույնպես նվիրված էր վրացական խնդրին։ Հանդիպման մասնակիցներից Պավել Ֆելգենհաուերը, որի թեման էր Ռուսական ռազմական ուժն ընդդեմ Վրաստանի, ասաց, որ եթե անցյալ տարի Ռուսաստանը, վրացական տարածքներ ներխուժելով, հանդիպեց որոշակի դժվարությունների, այսօր գրեթե չունի պատերազմը կրկնվելու դեպքում, նման դժվարությունների առջեւ կանգնելու հնարավորություն։

՝՝Ռուսական զորքերն արդեն գտնվում են իրենց համար հետաքրքիր հատվածներում եւ ցանկության դեպքում կարող են շատ արագ համալրվել՛՛, ասաց նա։

Նա ընդգծեց, որ Ռուսաստնի հետ Վրաստանն այսօր դժվար թե կարողանա հաշտեցման եզրեր գտնել, երբ Ռուսաստանի նախագահն ասում է, թե Թբիլիսիի հետ կխոսի միայն Սահակաշվիլիի վարչակարգի հեռացումից հետո։

ԱՄՆ-ում, Կանադայում են Մեքսիկայում Վրաստանի դեսպան Բատու Կուտելիան իր ելույթը կազմել էր Արեւմուտքի հետ Վրաստանի ժողովրդավարական արժեքների ընդհանրության վրա։ Նրա խոսքերով, Վրաստանը, չնայած ներքին լարված պայմաններին ու անցած խորհրդային տարիների փորձառությանը, այսօր կատարում է կարեւոր քայլեր ժողովրդավարության ուղու վրա։ Նա հույս հայտնեց, որ Օբամայի վարչակազմը կօգնի Վրաստանին իր դժվար օրերին եւ համոզվածություն, որ ժողովրդավարության զարգացմանը զուգընթա՛ց Վրաստանը կկարողանա կանգնել բոլոր մարտահրավերների առջեւ։

Ջեյմսթաուն հիմնադրամի ավագ վերլուծաբան Վլադիմիր Սոկորի կարծիքով, արտաքին անվտանգության բացակայության պայմաններում երկրում դժվար է զարգացնել ժողովրդավարություն։ Նա այն կարծիքին է, որ Արեւմուտքը Վրաստանում ունի մեծ պարտավորություններ։

՝՝Վրացական ուժերն այժմ չունեն նույնիսկ մարզվելու հնարավորություն։ Երկրում հաստատվել է պարադոքս, որը Թբիլիսին միայնակ լուծել չի կարող։ Վրաստանը ամեն գնով նպաստում է արեւմտայան դիշինքի անվտանգության առաքելություններին, սակայն դաշինքը չի աջակցում Վրաստանի ռազմական անվտանգությանը՛՛, հայտարարեց Սոկորը։

Մայիսի 21-ից 22-ը Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում կանցկացվի Եւրոպական Միություն-Ռուսաստան գագաթաժողովը, որը ի շարս մի շարք այլ հարցերի, կենտրոնանալու է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրադրության, հատկապես՝ վրացական հակամարտության վրա։

XS
SM
MD
LG