Մատչելի հղումներ

Հարցազրույց ԱՅՐԵՔՍ կազմակերպության նախագահի հետ՝ իրանահայ կնոջ ձերբակալության մասին


Իրանի դատական մարմինները վերջերս պաշտպանել են Սիլվա Հարությունյանին երեք տարի ազատազրկելու մասին որոշումը։ Վաշինգտոնում հիմնված միջազգային փոխանակումների ԱՅՐԵՔՍ կազմակերպության այս աշխատակցուհուն Իրանի իշխանությունները ձերբակալել էին անցյալ տարվա հունիս ամսին՝ Իրանի կառավարությունը տապալելու փորձերի մեղադրանքով։ ԱՅՐԵՔՍ կազմակերպության նախագահ Ռոբերտ Փիրսոնը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրրույցում կարեւորեց Սիլվա Հարությունյանին ազատ արձակելու ԱՅՐԵՔՍ-ի ջանքերը։

Նա նշեց, որ ԱՅՐԵՔՍ-ի ՝՝Մոր եւ մանկան առողջապահություն՛՛ ծրագիրը, որը Սիլվայի ձերբակալությունից հետո դադարեցրել է իր գործունեությունը, քաղաքական նպատակներ չհետապնդող, մարդասիրական ծրագիր է։
Նրա խոսքերով, Սիլվա Հարությունյանի պատասխանատվության մաս էր կազմում Իրանի ու ԱՄՆ-ի բժիշկների միջեւ կապերի հաստատումը։ Իսկ կազմակերպության հիմնական նպատակը երկու երկրների բժիշկների միջեւ գիտելիքների փոխանակումն է եղել։

Փիրսոնի համաձայն, ԱՅՐԵՔՍ-ը մտադիր է փաստաբանի միջոցով դիմել Իրանի Գերագույն դատարանին։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է նաեւ Սիլվայի ընտանիքի հետ ու նրա ընտանիքի անդամներից մեկի ջանքերով ստեղծվել է ինտերնետային կայքէջ՝ freesilva.org, որը ներկայացնում է Սիլվայի կյանքն ու նրա մարդասիրական միտումները։

ԱՅՐԵՔՍ կազմակերպության նախագահի խոսքերով, իրենք այժմ մտահոգված են իրենց աշխատակցուհու առողջական վիճակով ու փորձում են կապ հաստատել Իրանի իշխանությունների հետ՝ խնդրելով Սիլվայի հարցում ցուցաբերել գթասրտություն եւ մեծահոգություն։ Նա նշեց, որ Իրանի հայ համայնքը եւս ամեն կերպ ջանում է օգնել ՝՝Իրանի հավատարիմ քաղաքացի եւ զուտ ոչ քաղաքական բնույթի մարդասիրական աշխատանքներ իրականացրած Սիլվային՛՛։


՝՝Սակայն մինչ օրս ԱՅՐԵՔՍ-ին չի հաջողվել հանդիպում ունենալ Իրանի պատասխանատու մարմինների հետ՛՛, ասաց Ռոբերտ Փիրսոնը, ավելացնելով, որ նույնիսկ երկու կողմերի անհամաձայնության դեպքում է անհրաժեշտ երկխոսություն, որպեսզի հնարավոր լինի արտահայտել Սիլվայի կացության ու առողջական վիճակի մասին իրենց մտահոգությունները։

Ապրիլի 6-ին ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հանդես եկավ Սիլվային ազատ արձակելու կոչով։ Նման կոչերն, ըստ Փիրսընի, մեծապես նպաստում են Սիլվայի գործի վրա ուշադրության սեւեռման, ինչպես նաեւ իրանյան իշխանությունների հետ նրա հարցով երկխոսություն սկսելու ԱՅՐԵՔՍ-ի ջանքերին։

Նա կոչ է անում ամենուր բնակվող հայերին այցելել freesilva.org կայքէջը, ծանոթանալ Սիլվայի խնդրին եւ իրենց ավանդը ներդնել նրա ազատ արձակումն իրագործելու ջանքերին։

՝՝Դա կլինի շատ հզոր բնույթի համաշխարհային կոչ՛՛, ասաց Փիրսոնը՝ շնորհակալություն հայտնելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին՝ Սիլվայի խնդիրը հրապարակայնացնելու համար։

Նա պնդում է, որ Սիլվան միանգամայն անմեղ է, իսկ նրա դեմ հարուցված մեղադրանքները՝ անհիմն։

XS
SM
MD
LG