Մատչելի հղումներ

Թուրքիայում իրականացվում են ձերբակալություններ


Թուրքիայում իրականացվում են ձերբակալություններ, այսպես ասած, երկու ճակատով՝ գործողություններ ընդդեմ քուրդ գործիչների եւ ընդդեմ այն թուրքերի, ովքեր իրենց աշխարհիկներ հայտարարելով, ըստ կառավարության, փորձում են տապալել մահմեդական արմատներ ունեցող կուսակցության կողմից ղեկավարվող կառավարությունը։ Ծայրահեղ ազգայնական Էրգենեքոն կազմակերպությունը, ինչպես Թուրքիայի ներկա իշխանություններն են հայտարարում, փորձում է հարձակումներ իրականացնելով եւ անհանգստություններ սկսելով, հրահրել ռազմական հեղաշրջում՝ տապալելու վարչապետ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից ղեկավարվող կառավարությունը։


2ՕՕ7 թվականից ի վեր ձերբակալվել են Էրգենեքոնի տասնյակ անդամներ՝ այդ թվում բանակի պաշտոնաթող սպաներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ։ Ձերբակալված մտավորականների թիվը եւս մի քանիսով ավելացավ երկուշաբթի օրը, երբ ոստիկանական կայաններ բերման ենթարկվեց 12 հոգի, նրանց թվում՝ Անկարայի Բասքենթի համալսարանի նախագահ Մեհմեթ Հաբերալը եւ Մալաթիայի Ինոնուի համալսարանի նախկին ղեկավարը։

Հաջորդ օրը սկսվեցին գործողություններ Թուրքիայի քրդական օրինական միակ կուսակցության դեմ, երբ ուժային ծառայության աշխատակիցները ձերբակալեցին քուրդ քաղաքական 5Օ գործիչների՝ նրանց մեղադրելով քուրդ անջատողականների հետ կապեր ունենալու մեջ։ Նրանց մեծ մասը Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության անդամներ են ու եթե պարզվի, որ կապեր են ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, կփակվի նաեւ Ժողովրդավարական հասարակարգ կուսակցությունը։ Ձերբակալվածների մեջ են կուսակցության փոխնախագահը, Թունչելի քաղաքի փոխքաղաքապետը, ինչպես նաեւ՝ Բաթման քաղաքի խորհրդի անդամներից մեկը։


Թուրքիայի խորհրդարանում Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության խմբակցության նախագահ Ահմեթ Թյուրքն ասում է, թե ձերբակալություններն ունեն քաղաքական հենք, քանի որ, ավելացնում է նա, անցյալ ամիս անցկացված տեղական ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը կրկնապատկել է իր ներկայությունը քրդաբնակ տարածքների քաղաքային խորհուրդներում։


Մարտի 29-ի ընտրությունների արդյունքում Ժողովրդավարական հասարակարգ կուսակցությունը հաղթող ճանաչվեց ութ քաղաքներում, որոնցից չորսը մինչ այդ վերահսկում էր վարչապետ Էրդողանի կուսակցությունը։


Թուրքական զինված ուժերն անցյալ տարի իրականացրին ներխուժում դեպի հյուսիսային Իրաք, գրոհելով ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալ ուժերի դիրքերի։ Ինչպես Թուրքիայի բանակի հրամանատարական անձնակազմի ղեկավար Իլքեր Բասբուքն է ասել, քուրդ պարտիզաններն այլեւս չունեն հյուսիսային Իրաքում ազատ գործելու հնարավորություն, քանի որ ունեն եւ ֆինանսական եւ զինված խմբերը ղեկավարելու դժվարություններ։


Եւրոպական Միությունը, որին այնքան շատ է ցանկանում միանալ Թուրքիան, հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատում է քրդական այս միակ կուսակցությունն արգելելու մասին բացված գործը եւ հորդորում, որ Թուրքիայի կառավարությունը քաղաքական ավելի մեծ իրավունքներ տա երկրի 15 միլիոն քրդերին։

XS
SM
MD
LG