Մատչելի հղումներ

Թուրք-ամերիկյան հարաբերություններն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը


Հայոց ցեղասպանության մասին տրված հարցին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պատասխանն Անկարայում դարձել է իրարամերժ կարծիքների պատճառ։

Մինչ Օբամայի այցը Թուրքիա, մամուլում տարածվել էին լուրեր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ պաշտոնական հանդիպումները վերսկսելու մի համաձայնության մասին, որը թույլ պիտի տար Օբամային ողջունել երկու երկրների հաշտեցման գործընթացը։

Եւ ահա Օբաման, որն իր քաղաքական գործունեության ընթացքում ու հատկապես նախագահական ընտրարշավի ժամանակ բազմիցս է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, Անկարայում ասել էր, թե 1915 թվականի իրադարձությունների մասին իր տեսակետները չեն փոխվել, սակայն ինքը խրախուսված է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ընթացող երկխոսության փաստով։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հրապարակել է մի հայտարարություն, որտեղ ասված է, թե նախագահ Օբաման այդ պահին բաց թողեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին իր խոստումները հարգելու բացառիկ հնարավորություն։
՝՝Թուրքիայի խորհրդարանի առջեւ ցեղասպանությունը ճանաչելու մասին նրա անուղղակի մեկնաբանությունը թերեւս կարելի է գնահատել մի դրական քայլ, ինչը սակայն մեծապես զիջում է ցեղասպանությունն անվերապահորեն ճանաչելու մասին իր նախընտրական խոստումներին՛՛, ասված է ԱՀԴՀ-ի հայտարարության մեջ, որը նաեւ հույս է հայտնում, որ ապրիլի 24-ին Օբաման կհասկացնի աշխարհին, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանությունների ճանաչման հարցը պատանդ չի կարող դառնալ օտար որեւէ երկրի ձեռքում։


Թուրքիայում այսօր մտավորականության մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը մեծապես կաջակցի հայ-թուրքական երկխոսությանը, սակայն չի ճանաչի ցեղասպանությունը։ Շատ ավելի առաջադեմ մտավորականության ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ Օբաման ճնշումներ կբանեցնի Թուրքիայի վրա՝ այստեղ տալու հայկական հարցը ազատ կերպով քննարկելու հնարավորություն։


Հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին կա եւս մեկ գործոն, գրում են որոշ թերթեր, շեշտելով Ադրբեջանին, որի նախագահը որոշեց չմասնակցել Ստամբուլում անցկացված ՄԱԿ-ի մշակութային վեհաժողովին, որին ներկա էր Հայաստանի արտգործնախարարը։ Ու մինչ վերջին պահին վեհաժողովին մասնակցելու համար Ստամբուլ կմեկներ Էդուարդ Նալբանդյանը, վերլուծաբաններն ասում էին, թե Թուրքիան փորձում է սիրաշահել Ադրբեջանին ու որեւէ հարց հետաձգել մինչեւ ապրիլի վերջը՝ հուսալով, որ ԱՄՆ-ի նախագահն այդ օրը կհրաժարվի ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելուց։

՝՝Հուրիեթ Դեյլի Նյուզ՛՛ թուրքական թերթի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահը զանգահարել է Ադրբեջանի իր պաշտոնակցին ու իր աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում, տեղեկացրել հայ-թուրքական հարաբերություններում ԱՄՆ-ի կողմից իրականացված քայլերի մասին։ Նույն հարցերով Ալիեւին է զանգահարել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Մինչ այդ Ադրբեջանի պաշտոնական որոշ աղբյուրներ տեղեկացրել էին հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում բնական գազի առաքումները դեպի Թուրքիա դադարեցնելու հնարավորության մասին։

Ինչպես ՝՝Լոս Անջելես Թայմս՛՛-ը է գրում, հայ-թուրքական հաշտեցման այս հատվածում Օբաման հավանաբար հետաձգի նախագահական ուղերձում ՝՝ցեղասպանություն՛՛ բառի արտասանումը

Մեծաթիվ վերլուծաբաններ ասում են, թե քիչ հավանական է թվում, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձի ժամանակ կարտահայտվի ցեղասպանության ճանաչման օգտին։ Սակայն անկախ նրանից, Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառն այդ օրը թե՝ ոչ, թուրք-ամերիկյան հարաբերություններն առաջիկա ամիսներին ոչ թե կխոչընդոտեն, այլ՝ իրապես կնպաստեն Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչման վերաբերյալ Օբամայի նախընտրական խոստումների իրականացմանը:



XS
SM
MD
LG