Մատչելի հղումներ

Հազարարմյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհրդի հանդիպումը՝ Հայաստանի մասին


Հազարարմյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում չորեքշաբթի օրն անցկացրեց իր եռամսյա հերթական հանդիպումը՝ քննարկելով կորպորացիայի ընդհանուր ծրագրերը եւ մասնավորապես՝ Հայաստանի ու Նիկարագուայի հետ այս կազմակերպության գործակցության մանրամասները։


Հազարամյակի մարտահրավերն առաջին անգամ ի պաշտոնե նախագահում է ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Հիլարի Քլինթընը։ Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ-ի Դաշնային բանկի նախագահ Թիմըթի Գայթները, որը նաեւ համարվում է Կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ։
Ելնելով ե՛ւ Հայաստանում ե՛ւ Նիկարագուայում կառավարման հարցերում առկա խնդիրներից՝ տնօրենների խորհուրդը որոշել է մինչեւ հունիսին անցկացվելիք հանդիպումը հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու համար այս երկրների հետ համագործակցության գործընթացը։ Տնօրենների խորհուրդը Հայաստանում իր գործունեության շուրջ որոշում կկայացնի ներկա իրավիճակի մասին վերջնական գնահատական ստանալուց հետո։

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհուրդը Հայաստանում որոշել է դեռեւս ուժի մեջ պահել գյուղական ճանապարհների վերականգնման համար հատկացվող օգնությունը կասեցնելու որոշումը՝ միեւնույն ժամանակ համաձայնվելով, որ այդ նպատակի համար ֆինանսավորումը կատարվի Հայաստանի կառավարության կողմից։ Կորպորացիայի կողմից ֆինանսավորումը վերսկսելու մասին որոշում կկայացվի մինչեւ հունիս ամիսն անցկացվելիք արտահերթ նիստի ժամանակ։

Հազարամյակի մարտահրավերը կշարունակի հատկացումներ կատարել Հայաստանում ոռոգման ենթակառույցների զարգացման համար։

Ինչպես Բենթն ասաց, տնօրենների խորհուրդն այս որոշումներով ազդարարում է, որ անցած մի քանի տարիներին Հայաստանի կառավարությանը չի հաջողվել հարթել Հազարամյակի մարտահրավերի, ԱՄՆ-ի պետական մի շարք այլ գործակալությունների ու միջազգային համայնքի կողմից տարբեր խնդիրների առնչությամբ ներկայացված մտահոգությունները։ Նրա խոսքերով, Հազարամյակի մարտահրավերը Հայաստանի կառավարությանը տվել է նպատակային բարեփոխումներ կատարելու ամեն մի հնարավորություն եւ շարունակելու է իր սպասումներն առաջ տանելու համար՝ ուղիղ կապն իշխանությունների հետ։


՝՝Չնայած Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորումը 2ՕՕ9 թվականին կրճատվել է, աշխարհի տարբեր երկրներում աղքատությունը վերացնելուն ուղղված այս կազմակերպության երկարաժամկետ ու ժամանակավոր ծրագրերը չեն տուժի՛՛, հայտարարում են կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամները։

XS
SM
MD
LG