Մատչելի հղումներ

Թեհրանում անցկացվեց Տնտեսական համագործակցություն կազմակերպության 1Օ-րդ գագաթաժողովը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չորեքշաբթի օրը Թեհրանում ողջունեց Տնտեսական համագործակցություն կազմակերպության 1Օ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր այստեղ էին ժամանել մասնակցելու տարածաշրջանային այս կազմակերպության գագաթաժողովին։ Կազմակերպության տասներորդ գագաթաժողովը, որը տեւեց մեկ օր, կենտրոնացավ էներգիայի աղբյուրներով հարուստ այս տարածաշրջանում տնտեսությանը ու համագործակցությանը զարկ տալու հարցերի վրա։



Նավթարդյունահանող մյուս երկրների նման, նավթի գների անկման պատճառով, Իրանը նույնպես կրում է ֆինանսական մեծ կորուստներ։ Այն նաեւ ընկղմվել է իր տարադրամի երկնիշ թվերի հասնող արժեզրկման խնդրի մեջ։

Ահմադինեջադը, համաշխարհային տնտեսական անկման համար մեղադրեց Արեւմուտքին, ասելով, թե կապիտալիզմն այսպիսով ցույց է տալիս իր պարտությունը, եւ որ խոշոր ընկերություններին դրամական հատկացումներ կատարելու ԱՄՆ-ի ջանքերը ենթարկված են անհաջողության։
Սակայն հատկապես Արեւմուտքում վերլուծաբանները կարծում են, որ Ահմադինեջադի այս բնույթի շարունակ հնչող հայտարարությունների նպատակը իր իսկ երկրում տնտեսական կացությունը բարելավելու գործում իր անկարողությունը կոծկելու փորձ է։


Տնտեսական համագործակցություն կազմակերպությունը 1985 թվականին հիմնել են Իրանը, Թուրքիան ու Պակիստանը։ Դրան ավելի ուշ միացել են Ադրբեջանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեղադրում է Իրանին, ՄԱԿ-ի պատժամիջոցներն անտեսելով, դեպի Սիրիա զենքերի հետ առնչվող նյութեր առաքելու մեջ։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսն ասել է, թե իր երկիրը հույս ունի, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերահսկող հանձնաժողովը կդիմի համապատասխան քայլերի։


Անվտանգության խորհուրդը դեռեւս չունի այն հարցի պատասխանը, թե մասնավորապես ով էր լինելու իրանական այս բեռների հասցեատերը։ Ըստ ՄԱԿ-ի կասկածների, դա կարող է լինել Գազայի գոտու Համաս մահմեդական արմատական շարժումը, Լիբանանում տեղակայված Հեզբուլլահը, կամ՝ Իրաքում Սիրիայի հետ սերտ կապեր ունեցող խմբավորումները։

Սակայն այս ամենից զատ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվում Իրանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու իր խոստումներից։ Մինչեւ հունիս ամսին Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, Օբաման պատրաստվում է նամակ հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։



XS
SM
MD
LG