Տնտեսական համաշխարհային ճգնաժամը, եթե հարուստ երկրներում արտահայտվում է հիմնականում գործազուրկների թվի աճով, ովքեր այնուամենայնիվ ստանում են պետական օգնություն, ավելի աղքատ երկրներում դրսեւորվում է աղքատության էլ ավելի խորացմամբ։ Այդ երկրներից է Ուկրաինան, որը հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է արտադրության 35 տոկոսի անկում, ինչը ամենացածր ցուցանիշն է այս երկրում Երկրորդ աշխարհամարտից հետո։
Երկրի տարադրամը՝ հրիվնիան իր արժեքը կորցնում է ազատ անկման արագությամբ, հակառակ ուղղությամբ ու նույն արագությամբ՝ աճում գործազուրկների թիվը։
Կենտրոնական բանկը դադարեցրել է 8 բանկերի գործունեությունը, ինչի արդյունքում այդ բանկերում գումարներ ունեցող անձինք 6 ամիս չեն կարող հանել իրենց դրամը։
Երկրում նկատելիորեն բարձրացել է կոմունալ ծառայությունների վարձը, ավելացել վարկով տրվող գումարների դիմաց նախատեսված տոկոսադրույքները, առաջ բերելով մի իրավիճակ, որը մարդկանց մղում է փողոցներ՝ պահանջելու նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրաժարականը։
Ուկրաինայի քաղաքական բեմահարթակում շարունակվում է նախագահի ու նրա նախկին դաշնակից, այժմ՝ հակառակորդ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջեւ պայքարը, ինչը սպառնում է բանկային համակարգում կայունություն հաստատելու նպատակով Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 16.4 միլիարդ դոլարի հատկացումներին։
՝՝Խնդիրը չեն կարող լուծել նույնիսկ ֆինանսների լավ երեք նախարարներ, եթե չկա համաձայնություն ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի, կառավարության ու կենտրոնական բանկի, խորհրդարանի ու կենտրոնական բանկի միջեւ՛՛, ասում է տնտեսական հարցերով վերլուծաբան Վալերի Լիտվիցկին։
Իսկ ճգնաժամն ավելի խորացավ, երբ փետրվարի 12-ին, վարչապետ Տիմոշենկոյի հետ բյուջեի հարցում ունեցած խորը տարաձայնությունների պատճառով, հրաժարական տվեց ֆինանսների փորձառու նախարար Վիկտոր Պինզենիկը, որը հայտարարեց, թե չի ուզում մնալ քաղաքականության պատանդ։
Ինչ վերաբերում է նախագահ Յուշչենկոյին, 2ՕՕ4 թվականի նարնջագույն հեղափոխության ժամանակ նրա ձեռք բերած մեծ համակրանքն ու աջակցությունը անկում են ապրում այնպես, ինչպես երկրի տարադրամի ինքնարժեքն ու աշխատատեղերի թիվը։
Ուկրաինան հայտնվել է տնտեսական ու քաղաքական ծանրագույն պայմաններում։