Մատչելի հղումներ

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը


Համաշխարհային տնտեսական ֆորումին, որն անց է կացվում Շվեյցարիայի Դավոս քաղաքում, այս տարի մասնակցում է 96 երկրի 25ՕՕ ներկայացուցիչ։ Իսկ երկրների առաջին դեմքերի մասնակցության թվով՝ 41, այս տարվա հանդիպումը աննախադեպ է։
Այս առումով, մասնակիցների անվտանգության ապահովումը այս երկրի իշխանությունների առաջին խնդիրն է։ Փողոցները լիքն են ոստիկաններով ու բանակային ուժերով, ինչի համար ծախսվել է 7 միլիոն դոլար։

Այսօր, երբ Շվեյցարիայի ձյունն ու սառույցը խորհրդանշում են ամբողջ աշխարհի տնտեսական սառեցումը, Ֆորումի հիմնադիր ու ղեկավար Քլաուս Շվաբը հորդորում է հանդիպման պատվիրակներին կենտրոնանալ ՝՝տնտեսական նոր աշխարհ՛՛ ձեւավորելու խնդրի վրա։


ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայի անկման հետեւանքով սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամն այսօր ավելի է շեշտում աշխարհին սպառնացող վտանգները, ինչպես՝ այս ճգնաժամը, երկրագնդի ջերմացման ու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող խնդիրները միասնաբար լուծելու անհրաժեշտությունը։

Մասնակիցները քննարկելու են նաեւ էներգիայի աղբյուրներին ու ազատ առեւտրին վերաբերող հարցեր։
Երեքշաբթի օրը դեռեւս պարզ չէր, թե ինչ ներկայություն այս ֆորումում կունենար ԱՄՆ-ի նոր վարչակազմը, քանի որ հանդիպումը սկսվում է Օբամայի պաշտոնամուտից քիչ անց։ Իսկ երկրի գլխավոր պաշտոններում նշանակված թեկնածուները դեռեւս սպասում են Սենատի հաստատմանը ։
Ներկա կլինեն աշխարհի բոլոր ամենախոշոր կենտրոնական բանկերի կառավարիչները, բացի ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանքիից։

Դավոսում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ապա՝ երկու երկրների նախագահները։
Մինչեւ արտգործնախարարների միջեւ հանդիպումը սկսելը, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը ՝՝Ամերիկայի Ձայն՝՝-ին հեռախոսով ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման գործում իր երկրի ներկա դիրքորոշումը, ասելով, թե այն մնում է անփոփոխ։
՝՝Հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային օրենքների, այդ թվում՝ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի համաձայն՛՛, ասաց նա։

Նա նշեց մի շարք կազմակերպությունների կողմից այդ սկզբունքը վեր դասելու հանգամանքը ու շեշտեց.

՝՝Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ստորագրված փաստաթուղթը՝ Մոսկովյան հռչակագիրը հիմնված է հենց այս սկզբունքի վրա եւ հակամարտությունը կարող է լուծվել միայն այս սկզբունքով՛՛։

Չենք ներկայացնում Հայաստանի տեսակետը, քանի որ պատվիրակության որեւէ անդամի հետ կապ հաստատելն անհնար էր՝ չնայած Հայաստանի արտգործնախարարության եւ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ մեր գործադրած ջանքերին։


XS
SM
MD
LG