Մատչելի հղումներ

Ռուսաստանը վերսկսեց Ուկրաինայի տարածքով բնական գազի առաքումները դեպի Եւրոպա


Ռուսաստանի ՝՝Գազպրոմը՛՛ երեքշաբթի օրն ի վերջո վերսկսեց Ուկրաինայի տարածքով բնական գազի առաքումները դեպի Եւրոպա, որը 6 օր տեւած փակուղային իրավիճակի պատճառով հայտնվել էր դժվարին կացության առջեւ։ Սակայն գազն իր բաժանորդներին կարող է հասնել մեկ օր անց։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեղադրում էր Ուկրաինային Եւրոպա առաքվող ՝՝գողանալու մեջ, եւ համաձայնվեց վերսկսել գազի արտահանումը միայն այն բանից հետո, երբ Եւրոպական Միության կողմից ղեկավարվող դիտորդական խումբ տեղակայվեց Ռուսաստանին սահմանակից ուկրաինական տարածքների գազի առաքումների չափման ու ճնշման կայաններում։


Ուկրաինան կտրականապես հերքում էր խողովակաշարից առանց լիազորության գազ հանելու մասին մեղադրանքները, մինչեւ այն պահը, երբ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկուշաբթի օրը հայտարարեց, թե Ուկրաինան ստիպված է եղել 38 հազար խորանարդ կիլոմետր գազը դեպի Եւրոպա մղող կոմպրեսորներն աշխատեցնելու համար կիրառել խողովակաշարի գազի մի մասը։ ՝՝Գազպրոմը՛՛ պնդում է, թե այդ նպատակի համար Ուկրաինան պարտավոր է կիրառել իր գազը։


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է ՝՝Գազպրոմին՛՛ նվազեցնել արտահանվող գազի ծավալները, եթե հետագայում եւս Ուկրաինան խողովակաշարից հանի գազ։ Իսկ կրկնվելու դեպքում, Ռուսաստանը սպառնում է լիովին դադարեցնել առաքումները։
Ռուսական գազի անջատումից մեծապես տուժել է եւրոպական 15 պետություն, ամենաշատը՝ Բոսնիան, Բուլղարիան, Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Սերբիան ու Սլովակիան։ Այս ընթացքում ցրտի հետեւանքով մահացել է 11 մարդ այդ երկրներում։

Ռուսաստանը ամեն տարի առաքում է Եւրոպային անհրաժեշտ գազի ծավալների ավելի քան 25 տոկոսը, որի 8Օ տոկոսն անցնում է Ուկրաինայի տարածքով։ Եւ այս հանգամանքը Մոսկվան ցանկանում է օգտագործել Ուկրաինան շրջանցող խողովակաշար կառուցելու անհրաժեշտությունը ապացուցելու նպատակով։

Եւրոպական որոշ երկրների ղեկավարների կարծիքով էլ, այս ճգնաժամն ապացուցում է Ռուսաստանը շրջանցող էներգիայի այլ աղբյուրներ որոնելու կարեւորությունը, ինչպես օրինակ ԱՄՆ-ի առաջարկած Նաբուկոյի խողովակաշարը, որը գազ կառաքի Թուրքիայի կասպիական ավազանի պաշարներից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե գազի առաքումները վերսկսելուց հետո որքան գազ կստանա Ուկրաինան, պետք է ասել, որ դեռեւս գազ այն չի ստանա, քանի որ պատրաստ չէ 2ՕՕ8 թվականի յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազի դիմաց 179-ի փոխարեն մուծել 25Օ դոլար, ինչպես Ռուսաստանն է պահանջում։ Ի հարկե սա շատ մեծ խնդիր է տնտեսական ծանր պայմաններում ապրող Ուկրաինայի համար, սակայն մյուս կողմից՝ շատ ընդունելի գին, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Եւրոպայի սպառողները նույն ծավալի դիմաց մուծում են 45Օ դոլար։

Ռուսաստանը նույն պայմանները չի դնում Բելառուսի համար, ապացուցելով, որ այս ամենը Ուկրաինայի իշխանությունների արեւմտամետ կողմնորոշման ու ՆԱՏՕ-ին անդամագրվելու նպատակի հետեւանքներ են։ Մի բան, որը Ուկրաինայի ընդդիմությանը տալիս է ներկա իշխանությունների հրաժարականը պահանջելու հիմք, ինչի հորդորով էլ հանդես է գալիս մի քանի օր։

XS
SM
MD
LG