Մատչելի հղումներ

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ



Հայ ամերիկյան միջկառավարական հանձնախմբի կողմից Վաշինգտոն կատարած այցին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, որը ԱՄՆ-ի պետդեպարտամենտում Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ անցկացված հանդիպումից հետո հարցազրույց տվեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը։

Նրա խոսքերով, շատ կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել Վաշինգտոնում, որոնց ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ինտեգրացիայից մինչեւ էներգետիկ կախվածությունից հրաժարվելու մասին հարցեր։

Նրա խոսքերով, սա միջոց է, որով Հայաստանի կառավարությունը կարող է ներկայացնել հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր, ԱՄՆ-ի համար՝ լավ հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը տնտեսական այդ հարցերում լավագույնս օգնել Հայաստանին։

Եթե հիշում եք, դեսպանի պաշտոնում Յովանովիչի հաստատման շուրջ Սենատի հանձնաժողովի լսումներն անցան շատ թեժ պայմաններում, երբ նրան էին ուղղվում Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես չճանաչելու փաստին առնչվող հարցեր ու պահանջում դրա նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու մասին բացատրություններ։
Այն հարցին, թե արդյոք իրեն չեն ուղղվել նման հարցեր Հայաստանում, Մարի Յովանովիչը պատասխանեց՝ Հայաստանում հասարակ մարդկանցից մինչեւ կառավարություն, իր նկատմամբ ցուցաբերված բարի վերաբերմունքի մասին պատմելով։

՝՝Իմ աշխատանքը առկա բոլոր հարցերին ծանոթանալն է, ոչ միայն կառավարության, այլեւ՝ ընդդիմության, մամուլի եւ հասարակության տեսակետները լսելը։ Դա շատ կարեւո է ԱՄՆ-ը այստեղ ճիշտ ներկայացնելու համար։ Իսկ Ցեղասպանության կապակցությամբ, ո՛չ, որեւէ մեկն այստեղ ինձ հարց չի տվել այդ մասին՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, դեսպանատունը լավ գիտի ԱՄՆ-ի քաղաքականությունն այս հարցում եւ այն պիտի արտահայտի այդ քաղաքականությունը։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերով, ամենագլխավոր նպատակն այժմ հայ-ամերիկյան կապերին հնարավորինս զարկ տալն է։
՝՝Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դեսպանատներն են փորձում օգնել տարածաշրջանային համագործակցությանն ու ինտեգրացմանը եւ այժմ ուշադրությունը կենտրոնանում է հայ-թուրքական ինչպես նաեւ հայ –ադրբեջանական հարաբերությունների զարգացման ու ղարաբաղյան խնդիրը լուծելու աշխատանքների վրա՛՛ ասաց նա։

Թե ինչպես է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը վերաբերվում քաղբանտարկյալների գոյության փաստին, Մարի Յովանովիչն ասաց, թե դեսպանատունը պարզորոշ կերպով անհանգստացած է նրանց համար, ովքեր բանտերում են քաղաքական հենքի մեղադրանքներով։

՝՝Մենք հորդորել ենք Հայաստանի կառավարությանը առաջ ընթանալ այս հարցին լուծում տալու ուղղությամբ՛՛։
Իսկ թե ի՞նչ պատասխանի են արժանացել այդ կոչերը, դեսպանը պատասխանեց.
՝՝Կարծում եմ Դուք ավելի լավ գիտեք, քան ես՛՛։

XS
SM
MD
LG