Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք


Ի՞նչ փոփոխություն կկրի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը երկրի նոր ղեկավարության օրոք։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Բարաք Օբաման խոստանում է գերապատվությունը տալ ավելի դիվանագիտությանը, քան ռազմական եղանակով հարցերի լուծմանը։


Ինչպես նա է ասում. ՝՝Մեր երկրի ուժը գալիս է ոչ թե մեր զենքերից կամ հարստությունից, այլ՝ ժողովրդավարության, ազատության, հնարավորությունների ու հույսի նկատմամբ մեր հարատեւ ձգտումից՛՛։

Ընտրարշավի ժամանակ նա ասել է նաեւ, թե ինքը պատրաստ է նստել ու առանց որեւէ նախապայմանի խոսել նույնիսկ ԱՄՆ-ի համար թշնամական համարվող այնպիսի երկրների հետ, ինչպես Իրանն է։

Այս ուղու վրա նա պիտի հանձնի առաջին, եթե ոչ քննությունը, ապա գոնե՝ ստուգարքը, որոշելով, թե ինչ պատախան է տալու իր հաղթանակի առնչությամբ Իրանի նախագահի կողմից հղված շնորհավորական ուղերձին։

Նրա արտաքին քաղաքականության մասին առաջին կարծիքը կարելի է կազմել ազգային անվտանգության հարցերով նրա ընտրած խորհրդականի, Ջիմի Քարթերի խորհրդական Զբիգնեւ Բրժեժինսկիի խոսքերով նաեւ, ով ասում է, թե լուրջ քննարկումներն ավելի լավ քաղաքականություն է, քան դեպի նոր բախում տանող թշնամանքի ու սպառնալիքների խորացումը։ Իսկ Աֆղանստանին ու Իրաքին զուգահեռ մեկ այլ պատերազմ աղետ կլինի ոչ միայն այս տարածաշրջանի, այլ նաեւ ԱՄՆ-ի համար։

Օբաման կարծում է, որ աֆղանական հակամարտությունը չի կարելի լուծել առանց Պակիստանի տարածքից իրականացվող հարձակումները կասեցնելու։

Ինչպես Ուուդրոու Ուիլսընի անվան կենտրոնի աշխատակից Ռոբերտ Հեթըուեյն է ասում, Պակիստանն այս առումով դառնալու է Օբամայի արտաքին քաղաքականության ամենակարեւր թիրախը։ Միջուկային այս երկիրը, նրա խոսքերով, չափազանց անկայուն է ե՛ւ տնտեսական ե՛ւ քաղաքական իմաստով ու այսօր կանգնած է կազմալուծման վտանգի առջեւ։

Մարդիկ հույս ունեն, որ Օբամային իր արտաքին քաղաքականության մեջ կօգնի որպես քենիացի սեւամորթի ու կանզասցի սպտիակամորթի զավակի, մահմեդական Ինդոնեզիայում իր մանկության մեծ մասն անցկացրած նրա անցած ուղին։

Մարդիկ հույս ունեն, որ որպես փոքրամասնության ներկայացուցիչ նա տեսել ու զգացել է, տեսնում ու զգում է ավելին, քան մեծամասնություն կազմող բնակիչներից շատ ու շատերը։
Օբամայի նկատմամբ ոչ այնքան սերը, քանի որ սիրելու համար ժամանակ է պահանջվում, որքան հավատն ու հարգանքը նկատելի էր հուլիս ամսին նրա կողմից արտասահմանյան երկրներ կատարած ամբողջ այցի ընթացքում, քանի որ աշխարհը սպասում է փոփոխության։
Այո կամա թե ակամա, աշխարհը եկել է այն եզրակացության, որ չի կարողանում ընդունել աշխարհը միաբեւեռ կերպով կառավարելու ձգտումները։ Աշխարհը ցանկանում է համագործակցություն, փոխըմբռնում, հարցերի խաղաղ ու արդարացի լուծում՝ առանց նավթի, գազի ու այլ գործոնների վրա հենված շահի։ Օբաման այս առումով կանգնած է մեծ սպասումներն արդարացնելու պարտավորության առջեւ՝ ծանր սակայն՝ կարեւոր ու հաճելի։

XS
SM
MD
LG