Ջո Բայդընին փոխնախագահի թեկնածությունն առաջադրելով՝ Բարաք Օբաման ուժեղ քայլ կատարեց Ջոն Մաքքեյնի դեմ ընտրապայքարում։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, Բայդընն այն գործիչն է, որը կարող է պայքարի ծանրության մի գերակշիռ մասն իր վրա վերցնել։ Օրինակ քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռոբերտ Դադլին ասում է, թե Բայդընը կարող է շատ հմտորեն հակազդել հանրապետական Մաքքեյնին։
՝՝Այս պայքարում Բայդընը ներդնում է
արտաքին քաղաքականության իր փորձառությունը, այսինքն այն, ինչ պակասում էր
Օբամային Մաքքեյնի դեմ պայքարում՛՛, ասում է նա։
Հիշեցնենք, որ Բայդընը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է
եւ այս հանձնաժողովում է արդեն ավելի քան մեկ տասնամյակ։
Բայդընին այս ընտրապայքարի մեջ նորից ներքաշելու մղումը գալիս է նաեւ այն հանգամանքից, որ Հիլարի Քլինթընի դեմ պայքարում Օբաման պարտվել էր հյուսիսարեւելյան Փենսիլվանիա եւ Օհայո նահանգներում եւ այժմ ունի այստեղ իր ձայներն ավելացնելու նպատակ։
Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանի խոսքերով, Բայդընի կապերն ավելի ամուր են ֆիզիկական աշխատանք կատարող սպիտակամորթ ամերիկացիների հետ, քան Օբամայի կապերը։
Ջո Բայդընը Դելավեր նահանգն է
ներկայացնում արդեն 36 տարի։ Նա նաեւ ղեկավարել է իրավական հարցերով հանձնաժողովը,
որը հաստատում է գերագույն դատարանի պաշտոնյաների թեկնածությունները։
Նա 65 տարեկան է։ Ծնվել է Փենսիլվանիա նահանգում, աշխատավորի ընտանիքում։ 29 տարեկան էր, երբ առաջին անգամ ընտրվեց սենատոր 1972 թվականին։ Սակայն ընտրությունից անմիջապես հետո վրա հասավ ընտանեկան ողբերգությունը։ Ավտովթարից զոհվեցին կինն ու դուստրը։ Հիվանդանոցից տուն վերադարձավ մարմնական ծանր վնասվածքներ ստացած երկու տղաների հետ։ Մինչ այդ քույրն ու նրա ամուսինը թողել էին իրենց տունը ու տեղափոխվել Բայդընի տուն, որպեսզի օգնեին մեծացնել նրա զավակներին։
Առաջին անգամ նախագահական ընտրություններին Բայդընը մասնակցել է 1988 թվականին, սակայն ստիպված է եղել կիսատ թողնել այն, անգլիացի մի օրենսդրի խոսքեր պարզապես կրկնօրինակելու մեղադրանքներից հետո։Երկար ընդմիջումից հետո նա երկրորդ
անգամ դուրս ելավ նույն պայքարի ասպարեզ այս ընտրություններում, Բուշի արտաքին
քաղաքականությունն ամենայն սրությամբ քննադատելով։
Ընտրապայքարի սկզբում երբ Օբաման եւ Բայդընը պայքարում էին նույն այս թեկնածության համար, Բայդընը, Օբամայի 38ի դիմաց հավաքեց ձայների միայն մեկ տոկոսը ու դուրս եկավ պայքարից հենց հաջորդ օրը։ Սակայն այսօր այս երկու գործիչների հետ է այս ընտրապայքարում իր հույսերը կապում դեմոկրատական կուսակցությունը։ Եւ այդ հույսերը կփայփայի մինչեւ նոյեմբերյան ընտրություններ։