Մատչելի հղումներ

Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը վերջերս մերժեց Հայաստանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող տնտեսական աջակցությունը նախորդ տարվա 58 միլիոնից 24 միլիոնի կրճատելու Բուշի վարչակազմի առաջարկը եւ ներկայացրեց 52 միլիոն դոլար հատկացնելու ծրագիր։

Ավելի մանրամասն տեղեկություններ է այս մասին հայտնում Հայ-ամերիկյան հասարակական հարցերով հանձնախմբի գործադիր տնօրեն Ռոս Վարթյանը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության ստուդիայում, հիշեցնելով, որ արդեն ութ տարի է կոնգրեսը մերժում վարչակազմի առաջարկները, այդ թվում՝ Ղարաբաղին ու ռազմական բնագավառում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանին ավելի մեծ օգնություն ցուցաբերելու փորձերը։

Նրա խոսքերով, վարչակազմի ներկայացրած առաջարկը ցածր էր ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ քաղաքականապես։ Սա մի կողմից մի տեսակ ավանդական գործողություն է, որը սակայն թույլ չտալու համար պահանջում է հսկայական աշխատանք, ասաց նա։

Վարչակազմի առաջարկը մերժվեց, սակայն գործընթացը շատ երկար է։

Միայն հինգ շաբաթ է մնացել, որ այս կոնգրեսն ավարտի իր նստաշրջանը։ Ու եթե հարցը չի հասցնում ենթահանձնաժողովից մտնել հանձնաժողով, հետո՝ Սենատ, այս դեպքում ապավինում են նախորդ տարվա ցուցանիշին։

Այսինքն՝ նախորդ տարվա գումարը դառնում է նոր որոշում կայացնելու համար նշանակետ։

Ուրեմն, եթե ապարդյուն անցնեին վարչակազմի ներկայացրած 24 միլիոնր մերժելու համար Ամերիկայի հայկական համայնքի ջանքերը եւ նրանք չստանային կոնգրեսականների աջակցությունը, հաջորդ նախագահը եւ կոնգրեսը նոր հատկացումների համար կներկայացնեին առաջարկներ՝ հիմնվելով 24 միլիոնի վրա։

՝՝Շատ կարեւոր առաջարկ արեց կոնգրեսական Նոլենբերգը, նիստի ժամանակ կոչ արենով ընդհանրապես զրկել Ադրբեջանին ռազմական բնագավառի ամերիկյան հատկացումներից, պատերազմը վերսկսելու վերջինիս բարձարգոչ հայտարարությունների պատճառով։ Սակայն ափսոս, որ միայն մեկ ձայնի տարբերությամբ, առաջարկը չընդունվեց՛՛, ասաց Ռոս Վարթյանը։

Այո, Ադրբեջանը հպարտանում է նավթի ու գազի արդյունահանման եղանակով տնտեսական խոշոր աճ ապահովելու փաստով ու մեծ հատկացումներ կատարում ռազմական բնագավառում։

Ինչպես Միջին Ասիայի եւ կովկասյան հարցերով հաստատության վերլուծաբան Սվանտե Կորնելն ասաց, Ադրբեջանի իշխանությունները պատերազմական հայտարարություններով ցանկանում են ցույց տալ իրենց ռազմական հզորությունը իրենց ժողովրդին։

Պատճառներից մեկն այն է, ասում է նա, որ Ադրբեջանում չեն հավատում, որ ղարաբաղյան հարցի կարդավորումն ընթանում է ճիշտ հունով։

՝՝Չկա նաեւ վստահություն Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ Ղարաբաղում նրա անցյալ դերակատարության պատճառով՛՛, գտնում է վերլուծաբանը։

Բարձրագոչ հայտարարություններով հանդես գալը նաեւ ձեւ է՝ հարցը աշխարհի ուշադրությանը ներկայացնելու համար, քանի որ Ադրբեջանը կարծում է, թե միջազգային համայնքը համակերպվում է Ղարաբաղի ստատուս քվոյին։

XS
SM
MD
LG