Մատչելի հղումներ

Ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամը


Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները շարունակում են լարվել օրեցօր։ Երբ Վրաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկության, իսկ դրանից հետո՝ Ռուսաստանը, Վրաստանին շրջանցելով, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ ուղիղ կապեր հաստատելու մտադրության մասին, պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստ է դիմել խիստ քայլերի։ Սակայն գուցե քչերն էին կարծում, որ խիստ քայլերը պիտի ներառեին ռազմական ուժերի տեղաշարժ։

Իսկ ահա տեղաշարժն արձանագրվեց, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ 3ՕՕ թվակազմով զորքեր է ուղարկում Աբխազիա՝ հավատարիմ մնալով այս երկրամասին մարդասիրական օգնություն հատկացնելու Ռուսաստանի նախագահի որոշմանը եւ հաշվի առնելով Աբխազիայի իշխանությունների խնդրանքը։ Ռուսաստանն արդարանում է՝ հայտարարելով, թե իր այս զորքերը զինված չեն եւ նրանց նպատակը Աբխազիայի երկաթուղային ցանցի վերանորոգումն է։

Ինչպես Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է ասել, կամուրջների եւ երկաթուղու վերանորոգումն ունի մարդկանց կյանքը բարելավելու նպատակ եւ որ նման յուրաքանչյուր նախաձեռնություն արժանի պիտի լինի գովեստի այլ ոչ թե պախարակման։

Վրաստանն այս փաստը համարում է ագրեսիայի ապացույց, քանի որ իրավաբանորենն իր կազմում համարվող երկրամասում նման աշխատանք սկսելու համար Մոսկվան չի խնդրել Թբիլիսիի թույլտվությունը։

՝՝Սա ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի նոր փուլ, ոչ այլ ինչ, քան ռազմական ներխուժում իրականացնելու նախապատրաստություն, ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

ԱՄՆ-ը այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը։ Ինչպես արտաքին գործերի նախարարության խոսնակ Շան Մաքքորմաքն է ասել, դժվար է ըմբռնել Ռուսաստանի այս քայլը, երբ վրացական կողմը պատրաստ է դադարեցնել թռիչքներն Աբխազիայի օդային տարածքով, եւ ցանկանում է զարկ տալ խաղաղության գործընթացին։

Վերլուծաբաններից շատերն այն կարծիքն ունեն, որ սա պարզապես մի խաղ է Ռուսաստանի կողմից, ի պատասխան Վրաստանին դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհը ցույց տալու եւ Կոսովոյին անկախություն տալու Արեւմուտքի քաղաքականությանը եւ գտնում, որ խաղը կավարտվի անարյուն։

Ոմանք էլ, ընդունելով այս պատճառաբանությունը, չեն բացառում, որ խաղը կարող է լինել արյունոտ, եթե ոչ ռուսական զորքերի միջամտությամբ, ապա գոնե՝ հովանավորությամբ։

XS
SM
MD
LG