Նարգիզ ցիկլոնը, որն անցած շաբաթավերջին հարվածեց Բիրմային, ըստ կանխատեսումների, խլել է ավելի քան 8Օ հազար կյանք, քանի որ 25 հազար զոհերից բացի, 6Օ հազար մարդ դեռեւս անհետ կորածների ցանկում են։
Դժվար է հաշվել նաեւ նրանց թիվը, ովքեր մնացել են անօթեւան, ունեն բժշկական շտապ օգնության կարիք, կամ մատնվել են սովի։
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգող խմբի անդամներն ասում են, թե այն վայրերում, ուր հասել են իրենք օգնություն տրամադրելու համար, ջըի երեսին կարելի է տեսնել բազում դիակներ։ Այդ պատճառով, նախնական օգնությունը հիմնականում ներառում է ջրի զտման հաբեր, ֆիլտրեր եւ դեղամիջոցներ։ Հնարավոր է, որ մարդկային մարմիններով լցված ջրերից շուտով տարածվեն ջրից սկսվող հիվանդություններ։
Իսկ մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է հոգեբանական այն դժվարությունների մասին, որոնց առջեւ շուտով կկանգնեն արհավիրքր վերապրած հիմնականում երեխաներն ու պատանիները։
Ընդհանրապես տեղեկություններ չկան Իրավադի դելտայի միջեւ գտնվող կղզիներից, քանի որ խզված են կապի բոլոր միջոցները, չկա նույնիսկ ծովային երթեւեկություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածքային հարցերով փոխտնօրեն Ռիչարդ Բրայդլի խոսքերով, իրենք ոչինչ չգիտեն այն մասին, թե սննդի ինչ պաշարներ կան այնտեղ եւ թե արդյոք կա խմելու ջուր, թե՝ոչ։
Տեղի իշխանությունների բյուրոկրատական աշխատաոճի պատճառով, միջազգային առաջին օգնությունը միայն երեքշաբթի օրը հասավ այստեղ, երկիր, որը 1962 թվականից ի վեր ղեկավարում է ռազմական խունտան ու այս պահին եւս խոչընդոտում օգնության առաքումները՝ մուտքի արտոնագրեր հատկացնելու իր խիստ օրենքներով։
Օգնություն առաքող մեծաթիվ խմբեր արտոնագրերի են սպասում աշխարհի շատ երկրներում։
ԱՄՆ-ի նախագահ Բուշն առաջարկել է մահացածներին ու անհետ կորածներին հայտնաբերելու համար օգտագործել ամերիկյան ծովային ուժերը, սակայն Բիրմայի կառավարուոթյունը, որը սովորաբար մեղադրում է Վաշինգտոնին՝ Բիրմայի կառավարությունը տապալելու նպատակներ հետապնդելու մեջ, դժվար թե հանդուրժի ամերիկյան զինուժի ներկայություն։
Ամերիկյան նավերն արդեն հարեւան երկրներում են, սպասելով խարիսխը վեր հանելու հրամանի։
Թայլանդի ծովածոցում է գտնվում ամերիկյան 3 ռազմանավ, որոնք այստեղ վերջերս մասնակցում էին ռազմախաղերի։ Նրանք կարող են հրաման ստանալուց մի քանի ժամ անց տեղում մտնել փրկարարական աշխատանքների մեջ։
Հնդկաստանի պաշտոնատար անձինք ասում են, թե իրենք ցիկլոնը սկսելուց երկու օր առաջ էին Բիրմայի կառավարությանը տեղեկացրել մոտալուտ վտանգի մասին, սակայն փետրվար ամսին բուդդիստ վանականների կողմից սկսված խաղաղ ցույցի մասնակիցների վրա ռազմական ուժ հանած Բիրմայի կառավարությունն անտեսել է ժողովրդին սպառանցող վտանգի մասին նախազգուշացումները։